Եվրամիության Էներգետիկայի կոմիսար Գյունտեր Էթինգերն ապրիլի 11-ին հայտարարել է, որ աշխատում է Ուկրաինային օգնություն ցույց տալու պլանի վրա՝ Ռուսաստանի հանդեպ գազի պարտքի վճարման նպատակով, հաղորդում է Reuters գործակալությանը:

 

Ըստ ապրիլի 8-ի տվյալների՝ «Գազպրոմի» հանդեպ գազի դիմաց Ուկրաինայի պարտքը կազմում էր 2,2 միլիարդ դոլար:

 

«Մենք սերտ շփման մեջ ենք Ուկրաինայի և նրա գազի ընկերության հետ և ձգտում ենք հասնել այն բանին, որ ուկրաինական կողմը կարողանա վճարել, և «Գազպրոմի» հանդեպ պարտքերը չաճեն: Ես պատրաստում եմ որոշում, որը կլինի ԱՄՀ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինայի համար օգնության փաթեթի բաղկացուցիչ մասը, ըստ որի բաց հաշիվներով վճարումները հնարավոր կլինեն»,- մեջբերում է Reuters-ն Էթինգերի խոսքը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 10-ին ուղերձներ է հղել Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներին գազի դիմաց Ուկրաինայի պարտքի առնչությամբ: Մասնավորապես, Պուտինը գրել է, որ վերջին չորս տարում Ռուսաստանը գազի գների իջեցման հաշվին Ուկրաինային դրամատրել է 35,4 միլիարդ դոլար, և առաջարկել է անհապաղ նախարարական կոնսուլտացիաներ անցկացնել Ուկրաինայի տնտեսության կայունացման և պարտավորագրային պայմաններին խստիվ համապատասխան ռուսական գազի մատակարարումների և տարանցման ապահովման համաձայնեցված գործողությունների մշակման համար: