Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ նոր թագավորն իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը կկատարի Վատիկան: Դրան կհաջորդեն ուղեւորությունները Իսպանիայի հարեւան երկրներ՝ Մարոկո, Ֆրանսիա եւ Պորտուգալիա: Այդ մասին հայտնել Է թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգելիոն:
Նա նաեւ նշել Է, որ սեպտեմբերին միապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունենալիք իր ելույթում կշարադրի Իսպանիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Իսպանիան ակտիվ արշավ Է ծավալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի պաշտոնում իր թեկնածության օգտին:
Հունիսի 19-ին Մադրիդում՝ խորհրդարանի Պատգամավորների կոնգրեսում, տեղի Է ունեցել Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ նոր թագավորի երդմնատվության արարողությունը: «Երդվում եմ՝ ազնվորեն կատարել իմ պարտականությունները եւ ապահովել Սահմանադրության ու օրենքների կատարումը, հարգել հպատակների ու ինքնավարությունների իրավունքները»,-նշել Է թագավորը:
46-ամյա Ֆիլիպ VI-ը լավ կրթություն է ստացել Իսպանիայում, Կանադայում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ զինվորական պատրաստություն է անցել բոլոր զորատեսակներում: Երկար տարիներ, երբ դեռ արքայազն Էր, նա կատարել է պաշտոնական արտասահմանյան ուղեւորություններ, ինչը նրան հնարավորություն է տվել անձամբ ծանոթանալու տարբեր երկրների բազմաթիվ ղեկավարների եւ թագավորական ընտանիքների անդամների հետ: Նա նաեւ այցելել է Իսպանիայի բոլոր ինքնավար մարզեր եւ քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրներին: Նրա հեղինակությունն արատավորված չէ որեւէ սկանդալով, իսկ արքայադուստր Լետիսայի եւ երկու դուստրերի հետ ընտանեկան կյանքը սիրո եւ փոխադարձ խորը հարգանքի օրինակ է շատերի համար:
Դատելով հանրային կարծիքի հարցումների տվյալներից՝ նոր միապետը համակրանք է ներշնչում Իսպանիայի բնակչության մեծամասնությանը եւ վայելում է խոշորագույն քաղաքական կուսակցություննեերի աջակցությունը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: