ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների անվտանգությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված է այն տեղեկագրում, որը տարածել է Սպիտակ տունը:
Վարչակազմն այդ քայլը ձեռնարկել է 2015 ֆինանսական տարվա համար բյուջետային հատկացման շրջանակներում, որը վերաբերում է արտասահմանում հատուկ գործողությունների անցկացմանը: Պահանջվող գումարի ընդհանուր ծավալը գնահատվում է 65,8 մլրդ դոլար: Ինչպես նշել են Սպիտակ տանը, այդ «եվրոպական ծրագիրը» նպատակաուղղված է «ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցների եւ Եվրոպայում գործընկեր պետությունների անվտանգության եւ հնարավորությունների ամրապնդման հարցում ժամականավոր օգնություն» ցուցաբերելուն:
Ինչպես ճշտվում է, նշված գումարից 925 մլն դոլարը պլանավորվում է ուղղորդել պաշտպանության նախարարություն, իսկ մնացած 75 մլն դոլարը՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտ: Սպիտակ տանն ընդգծել են, որ այդ միջոցները նախատեսվում է նպատակամղել «Եվրոպայում, հատկապես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը»: Բացի այդ, խոսքը վերաբերում է «դաշնակիցների եւ գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ զորավարժությունների ընդլայնմանը»: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է «բարելավել ենթակառուցվածքը եւ ջանքեր գործադրել ՆԱՏՕ-ի նոր անդամների եւ մյուս գործընկերների հնարավորությունները զարգացնելու համար»:
Այդ գումարից բացի, ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը, ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից 500 մլն դոլար է խնդրել Սիրիայի չափավոր ընդդիմությանը օգնություն ցուցաբերելու համար:
«Ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում մենք 1,5 մլրդ դոլար ենք խնդրում Սիրիայի հարեւանների՝ Հորդանանի, Լիբանանի, Թուրքիայի եւ Իրաքի, ինչպես նաեւ Սիրիայի չափավոր ընդդիմության հետ համագործակցության նպատակով տարածաշրջանային կայունացման նախաձեռնության իրականացման համար»,- նշել է Հեյդենը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: