ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից 1 մլրդ դոլար է խնդրել ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների անվտանգությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված է այն տեղեկագրում, որը տարածել է Սպիտակ տունը:
Վարչակազմն այդ քայլը ձեռնարկել է 2015 ֆինանսական տարվա համար բյուջետային հատկացման շրջանակներում, որը վերաբերում է արտասահմանում հատուկ գործողությունների անցկացմանը: Պահանջվող գումարի ընդհանուր ծավալը գնահատվում է 65,8 մլրդ դոլար: Ինչպես նշել են Սպիտակ տանը, այդ «եվրոպական ծրագիրը» նպատակաուղղված է «ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցների և Եվրոպայում գործընկեր պետությունների անվտանգության և հնարավորությունների ամրապնդման հարցում ժամականավոր օգնություն» ցուցաբերելուն:
Ինչպես ճշտվում է, նշված գումարից 925 մլն դոլարը պլանավորվում է ուղղորդել պաշտպանության նախարարություն, իսկ մնացած 75 մլն դոլարը՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտ: Սպիտակ տանն ընդգծել են, որ այդ միջոցները նախատեսվում է նպատակամղել «Եվրոպայում, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնմանը»: Բացի այդ, խոսքը վերաբերում է «դաշնակիցների և գործընկերների հետ երկկողմ և բազմակողմ զորավարժությունների ընդլայնմանը»: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է «բարելավել ենթակառուցվածքը և ջանքեր գործադրել ՆԱՏՕ-ի նոր անդամների և մյուս գործընկերների հնարավորությունները զարգացնելու համար»:
Այդ գումարից բացի, ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը, ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսից 500 մլն դոլար է խնդրել Սիրիայի չափավոր ընդդիմությանը օգնություն ցուցաբերելու համար:
«Ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում մենք 1,5 մլրդ դոլար ենք խնդրում Սիրիայի հարևանների՝ Հորդանանի, Լիբանանի, Թուրքիայի և Իրաքի, ինչպես նաև Սիրիայի չափավոր ընդդիմության հետ համագործակցության նպատակով տարածաշրջանային կայունացման նախաձեռնության իրականացման համար»,- նշել է Հեյդենը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: