Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից ոչ պարենային ապրանքների շուկաներում կատարած ստուգումների արդյունքում վտանգավոր ապրանքների մեջ գերակշռում են մանկական խաղալիքները: «Տեսչությունը տանում է աշխատանքներ սպառողների կյանքի, առողջության և անվտանգության համար շուկայում հայտնաբերված վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության եվրոպական ՌԱՊԵՔՍ արագ նախազգուշական համակարգին միանալու ուղղությամբ' իր գործունեության արդյունքում դուրս բերելով վտանգավոր ապրանքները: Դրանց թվում են' մանկական խաղալիքները' աղջիկների համար դիմահարդարման խաղալիք, էլեկտրաշոկ, բջջային հեռախոս խաղալիքները, ֆլոմաստերներ, ինչպես նաև ունիվերսալ ադապտոր, սափրիչ սարք և այլն,-«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին տեսչությունից:

 

Ստուգումների արդյունքում հիմնականում հայտնաբերվում է առանց համապատասխանության սերտիֆիկատի, առանց հայերեն մակնշման ապրանքի իրացում: Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում պարզվել է, որ թանկարժեք մետաղներն իրացվում են առանց հարգադրոշմի կամ տարբերանիշի առկայության: Ինչ վերաբերում է հասարակության իրազեկվածության մակարդակին ապրանքներ գնելիս դրանց անվտանգության պահպանման կանոններին հետևելու առումով, տեսչությունից հայտնում են, որ հասարակությանը պարբերաբար տեսչության նախաձեռնութ յամբ զանգվածային լրատվության միջոցների շնորհիվ տեղեկացնում են իրենց իրավունքների մասին, երբ գնում են անպատշաճ որակի ապրանքատեսակներ, ինչպես նաև դիմում բողոքների հիման վրա, եթե բողոքի առարկան վերաբերում է տեսչության իրավասությանը, իրականացվում է ստուգում, հայտնաբերված խախտումների դեպքում ենթարկվում են վարչական պատասխանատվության:

 

Իրականացված ստուգումների արդյունքների հիման վրա հայտնաբերված խախտումները կանխարգելելու կամ վերացնելու ուղղությամբ իրավախախտում կատարած տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում են վարչական տույժեր՝ տուգանքների տեսքով, ինչպես նաև խախտումների վերացման համար տրվում են կարգադրագրեր արտադրանքների իրացումը կասեցնելու կամ արգելելու, չափման միջոցների շահագործումն արգելելու վերաբերյալ:

 

Շուկայի վերահսկողության պետական տեսչությունն ստուգումներ է իրականացնում արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների, չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման և մանրածախ առուվաճառքի կանոնների պահպանման վերաբերյալ: