Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերջնականացումը տեխնիկական խնդիրների հետ է կապված և ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Առավել ևս, Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է այն պատճառով, որ տվյալ կազմակերպության համահիմնադիրներն իրար հետ ունեն լուրջ խնդիրներ և շատ հաճախ Հայաստանի անդամակցության հարցը լծակ է դառնում, որը Բելառուսն ու Ղազախստանն օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ՝ վերջինից ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կարծիք հայտնեց Սերգեյ Մինասյանը:

 

Խոսելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ներհայաստանյան տեսակետների մասին՝ փորձագետն ասաց, որ Հայաստանում արտաքին և ներքին քաղաքականությունները չափազանց կապակցված են իրար: Փորձագիտական ոլորտն առնչվում է նույն թեմաներին, հետևաբար Եվրասիական միությանն անդամակցության հարցին վերաբերող արձագանքները գլխավորապես պայմանավորված են ներքաղաքական գնահատականներով, որոնք կախված են տվյալ քաղաքական գործչի կամ փորձագետի գաղափակարան մոտեցումներից:

 

«Իրականում կապ չունենալով շարունակվող բանակցային գործընթացի հետ, շատ տրամաբանական է, որ հասարակությունը էմոցիոնալ է արձագանքում այդ ձգձգվող գործընթացին: Սակայն այն մեծամասամբ պայմանավորված չէ քաղաքական խնդիրներով: Հայաստանի անդամակցության ձգձգումը Եվրասիական տնտեսական միությանը զուտ տեխնիկական գործընթաց է, որը կախված է նախ նրանից, որ այդ կառույցը դեռ գոյություն չունի: Այդ կազմակերպության փաստաթղթերը ստորագրված են գրեթե մեկ ամիս առաջ և այն պետք է սկսի գործել միայն 2015 թ. հունվարի 1-ից»,- ասաց փորձագետը:

 

Որոշ փորձագետների հույսերը, որ Հայաստանը ինչ-որ կետից կարող է վերադառնալ եվրաինտեգրման ուղուն, որը կար մինչև 2013թ. սեպտեմբերի 3-ը՝ իրատեսական չեն, քանի որ բավականին փոխվել է հետխորհրդային տարածքում քաղաքական իրավիճակը' Եվրամիության հետ կապված: «Իսկ արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք կունենանք հստակ պատկերացում, թե միությանը անդամակցելուց հետո ինչպիսի զարգացումներ կլինեն Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների շրջանակներում: Ըստ դրա Հայաստանը կկարողանա հասկանալ այն սահմանները կամ սահմանափակումները, որոնք նա պետք է հաշվի առնի Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում»,-նկատեց Մինասյանը: