Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանն արդյունավետ է գնահատում սահմանադրական բարեփոխումներին ուղղված հանրային քննարկումները: Մթնոլորտը հանդուրժող է, կոշտ գնահատականներն ու սուր հարցադրումներն էլ շատ են, սակայն դա, ըստ Դանիելյանի, նորմալ է, քանի որ քննարկվում է պետության կարևորագույն փաստաթղթերից մեկը:

 

«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարբեր դիրքորոշում կա, քաղաքական որոշ կուսակցություններ կարծում են, որ ժամանակավրեպ է, և չկա հանրային պահանջ: Դրան հակադարձելով նշեմ, որ իրավական տեսանկյունից հասունացել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը: Շատերն ասում են, որ երկրում առկա են սոցիալական և տնտեսական խնդիրներ և այս պարագայում ճիշտ չէ խոսել սահմանադրական բարեփոխումների մասին: Որևէ մեկը չի ժխտում, որ կան խնդիրներ, սակայն այս գործընթացը չի խոչընդոտում այդ խնդիրների լուծմանը: Անկախ նրանից, սահմանադրական բարե փոխում նախաձեռնվելու է, թե ոչ, եթե կա կամք' սոցիալ-տնտեսական խնդիրները կլուծվեն, մանավանդ, որ սահմանդրական բարեփոխումները կարող են նաև նպաստել այդ խնդիրների լուծմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 12-ին մամուլի ասուլիսում ասաց Գևորգ Դանիելյանը:

 

Նրա գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումները կբերեն կառավարման որակի բարելավմանը: Սակայն, ըստ Դանիելյանի, լավ Սահմանադրություն ընդունելը, գործի կեսն է, մյուս կեսը Սահմանադրության իրագործումն է: «Սահմանադրության դրույթները պետք է կյանքի կոչվեն: Այս մտահոգությունը կիսում են նաև հանձնաժողովի անդամները և կարծում, որ սահմանադրությունը պետք է նպաստի այդ գործընթացին, որ հնարավոր լինի այդ բարեփոխումներն ի կատար ածել: Սահամանդրությունը պետք է նպաստի, որ դրույթների ի կատար ածումը նպաստավոր լինի իրագործողներին»,- ասաց Գևորգ Դանիելյանը:

 

Անդրադառնալով շրջանառվող տեսակետին' Գևորգ Դանիելյանը շեշտում է, որ Սահմանադրությունը լրացուցիչ լծակներ չի նախատեսում, որպեսզի իշխանությունը վերարտադրվի: «Հակառակը վերանայում են բոլոր հնարավոր իրավական դրույթները, որը նպաստում են իշխանության վերարտադրմանը: Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարմանը, ապա խորհրդանական միայն դասական համակագը ճիշտ չէ, պետք է լինեն նաև անհրաժեշտ երաշխիքներ, քանի որ խոհրդարանական ձևն ինքնին չի լուծում այն խնդիրները, որ կան»,- ասաց Գևորգ Դանիելյանը' հավելելով, որ այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները համակարծիք են:

 

Հարցին' հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի սահմանադրական բարեփոխումների ընթացքը կանգ առնի և նախաձեռնությունը ձախողվի, Գևորգ Դանիելյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումները բոլորի շահերից բխող և համընդհանուր խնդիր լուծող նախաձեռնություն է և այս պարագայում ձախողման հնարավորությունը քիչ է:

 

Երևանում և մարզերում հասարակական կառույցները մասնակցում են սահմանադրական բարեփոխումներին ուղղված քննարկումների, որոնց նպատակն է քննարկել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկած դրույթները նոր Սահմանադրության վերաբերյալ: