Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 172-ի, իսկ վիրավորներինը՝ 1120-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով պաղեստինյան լրատվամիջոցները, զոհվածներից 36-ը երեխաներ են, 25-ը՝ կանայք:
Պաղեստինյան աղբյուրները տեղեկացնում են, որ 18 պաղեստինցիներ զոհվել և ավելի քան 45-ը վիրավորվել են քաղաքացիների բնակելի տների, մզկիթների, տարբեր հաստատությունների ռմբակոծության հետևանքով: Իսրայելը հուլիսի 14-ին շարունակում է ռմբակոծությունը Գազայի հատվածի Մաղրակա, Զեյթուն շրջանները, Գազայի օդանավակայանի շրջակայքը, Խան Յունիս քաղաքը և այլն:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել պաշտպանել պաղեստինցի ժողովրդի միջազգային իրավունքը: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հուլիսի 13-ին Իսրայելից և Պաղեստինից պահանջել է անհապաղ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում բախումները դադարեցնելու ուղղությամբ: Նա դատապարտել է Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունը՝ այն համարելով միջազգային իրավունքի խախտում: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Գազայում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքների առիթով՝ նշելով, որ մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել:
Պան Կի Մունի խոսքով, իրադարձությունների նման շարունակությունը կարող է տարածաշրջանի համար անդառնալի հետևանքներ ունենալ: