Հուլիսի 8-9-ը Հայաստանի Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը Բիշքեկում մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցումը Ղրղզստան Հանրապետությունում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է Աղետների ռիսկի նվազեցման ՄԱԿ-ի միջազգային գրասենյակը' Շվեյցարական զարգացման և համագործակության գործակալության ֆինանսավորմամբ։ Հայաստանի ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամը ներկայացրել է հայաստանյան պլատֆորմի կառուցվածքը, ֆինանսավորման աղբյուրները, երկրի ներսում գործունեության մեխանիզմները, նվաճումները, ինչպես նաև իրավական դաշտը, որով ապահովվում է պլատֆորմի գործունեությունը։

 

Վերոհիշյալ հարցերի վերաբերյալ ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի տեղակալ Արա Բարսեղյանի զեկույցը բարձր գնահատականի է արժանացել հանդիպման մասնակիցների կողմից: Հատկապես նշվել է ԱՌՆԱՊ-ի իրավական կարգավիճակը, ինչը գործունեության լայն հնարավորություններ է ընձեռում և կարող է օրինակելի լինել այլ պետությունների, այդ թվում' նաև Ղրզստանի համար։ Մեծ տպավորություն են թողել ԱՌՆԱՊ-ի ձեռքբերումներն ԱՌՆ գործընթացների ապակենտրոնացման, տեղական մակարդակում ռիսկերի կառավարման և քաղաքների դիմակայունության ոլորտներում։ Ակնհայտ է եղել մեծ հետաքրքրություն թեմատիկ խմբերի աշխատանքի, ԱՌՆԱՊ-ում որոշումների կայացման և հետագա ընթացքի ապահովման մեխանիզմների, պլատֆորմի շրջանակներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, միջազգային ու հասարակական կազմակերպությունների և մասնավոր սեկտորի միջև համագործակցության հանդեպ։

 

Աշխատաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ և Ղրղզստանի ԱՌՆ ազգային պլատֆորմերի միջև պարբերաբար տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալ։

 

Բիշքեկում կայացած աշխատաժողովի նպատակն էր գործընկեր կառույցներին և այլ շահագրգիռ կողմերի ներկայացնել Ղրղզստանի Հանրապետության Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի վերջին 2 տարիների ձեռքբերումները, ազգային մակարդակում համակարգման մեխանիզմներն, ինչպես նաև Հյոգոյի գործողությունների ծրագրի վերաբերյալ ազգային հաշվետվությունը։