ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքն անցկացվել է հուլիսի 16-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարապմունքի թեման պետական պահպանության և անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումների ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին:

 

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն, անդրադառնալով հիշյալ ոլորտների ծառայողների գործառնական պարտականություններին և դրանց լիարժեք ու պրոֆեսիոնալ իրականացման անհրաժեշտությանը, միևնույն ժամանակ ընդգծել է հանցագործությունների, այդ թվում՝ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման առաջնահերթությունը:

 

Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը և շտաբի պետ Վարդան Եղիազարյանը մանրամասն անդրադարձել են պետական պահպանության և անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին, քննարկվել են դրանց գործունեության օրենսդրական դաշտի հարցերը, ոստիկանության տարածքային բաժինների հետ փոխգործակցության առանձնահատկությունները, շեշտվել է աշխատանքում յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման և աշխատանքային ու կատարողական կարգապահության բարելավման անհրաժեշտությունը:

 

Գործնական պարապմունքի ընթացքում, որին, բացի հիշյալ ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել են նաև ոստիկանության տարածքային բաժինների պետեր, կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ են տրվել ոլորտում աշխատանքի կազմակերպման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: