«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարել է, որ իրենք մտադիր են Եվրոպայում կազմավորել առաջին իսլամական պետությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա ընդգծել է, որ Իրաքում լիակատար հաղթանակից հետո եվրոպայում, մասնավորապես Անդալուսիայում (Իսպանիա) կկազմավորվի նմանատիպ համակարգ: Ալ Բաղդադին դիմել է Իրաքի տարածքում ռազմական գործողություններին մասնակցող ԻԼԻՊ-ի անդամներին՝ նշելով, որ Եվրոպայում խալիֆաթի համակարգ ձևավորելուց հետո եվրոպացիների սեփականությունը կտնօրինեն անձամբ ապստամբները, որոնցից յուրաքանչյուրը պարտավորվում է իրենց շարքերը համալրել 10-ից ոչ պակաս անդամներով:

 

Ալ Բաղդադին իրեն համարում է Մուհամմադ մարգարեի հետնորդը: Նա սովորել է Բաղդադի համալսարանում, 2005-ին ձերբակալվել է ամերիկացիների կողմից, սակայն 4 տարի անց անհասկանալի պատճառներով ազատ է արձակվել: 2010-ին դարձել է ԻԼԻՊ-ի ղեկավար:

 

Ավելի վաղ խմբավորումը հայտարարել էր, որ մտադիր է Սիրիայի, Իրաքի և Լիբանանի տարածքում հիմնել իսլամական խալիֆաթ: Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր, երբ հունիսի սկզբից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ սկսելց Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման վերահսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քան ի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: