Սիրիայի զինված ընդդիմադիր Իսլամական բանակ և Ջաբհա ան Նուսրա խմբավորումները հայտարարել են, որ հաջողություններ են գրանցել «Իրաքի և Լևանքի իսլամական պետություն» խմբավորման դեմ երկու շաբաթ առաջ սկսված պայքարում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին հաջողվել է ԻԼԻՊ-ին վռնդել մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևելքում գտնվող 4 Մարաբա, Միդաա, Յալդա և Բեյթ Սահամ գյուղերից:

 

ԻԼԻՊ-ի անդամները նահանջել են դեպի Դամասկոսի հարավային շրջաններ՝ կետրոնացնելով իրենց ուժերը Հաջր ալ Ասուադ, Թադամուն և ալ Կադամ գյուղերում: «Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ լուսաբացին վերսկսվել են բախումները Դամասկոսի Տայիբա գյուղում: Միևնույն ժամանակ, ակտիվիստները տեղեկացրել են, որ թեժ բախումներ են ընթանում ընդդիմադիր խմբավորումների և սիրիական բանակի միջև Հալեպի Հանանու և Մեյսալուն թաղամասերում:

 

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին Սիրիայում 67 մարդ է զոհվել, այդ թվում՝ 12 երեխա: Զոհերից 27-ն ապստամբներ են: ԻԼԻՊ խմբավորումը նախորդ տարվա հունվարից պայքար է մղում Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումների դեմ:

 

3 շաբաթ առաջ խմբավորումը հայտարարել է Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում իսլամական խալիֆաթ հիմնելու մասին: ԻԼԻՊ-ը մեծ տարածքներ է գրավել Սիրիայի արևելքում, այդ թվում՝ գազի և նավթի բազաներ: Ինչպես նաև հսկողություն է հաստատել երկրի հյուսիսային որոշ բնակավայրերի վրա Թուրքիայի սահմանի մերձակայքում, այնտեղ նրանք պայքարում են քրդերի դեմ:

 

Նախօրեին խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարել էր Անդալուսիայում իսլամական պետություն հիմնելու մտադրության մասին: