ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում 2014 թվականի ծրագրով ամրագրված' Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար աջակցության նոր ծրագրեր իրագործելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ' «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով հատկացրել է 5 մլն դրամ:

 

Նույն օրը, մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել վետերանների նախընտրած առողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու համար:

 

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության որոշմամբ' 10-50 տոկոսով բարձրացվել են հաշմանդամ զինծառայողներին, այդ թվում' Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարի չափերը:

 

Վետերաններին հուզող հարցերը համատեղ քննարկելու նպատակով 2014թ. փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանին և նրա տեղակալներին:

 

Վետերանների ներկայացրած հարցերի մի մասը' վետերանների մարզային և Երևան քաղաքի սկզբնական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավման, բժշկական սպասարկման ծառայությունները բարելավելու, օդային տրանսպորտից արտոնյալ պայմաններով օգտվելու (կապված ազգային փոխադրողի փոփոխության հետ) իրենց լուծումներն են ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, համապատասխան մարմինների և կազմակերպությունների համատեղ աշխատանքի շնորհիվ:

 

Նախարարությունը գրություններով դիմել էր ՀՀ մարզպետնե րին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ հանրապետությունում գործող 48 վետերանական կազմակերպությունների կոմունալ ծախսերը հոգալու և թերթերին բաժանորդագրելուն աջակցելուն պատակով: Վետերանների կողմից բարձրացված այլ հարցերի քննարկման նպատակով ձևավորվել և ՀՀ կառավարություն էր ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Նրանց խնդիրները աստիճանաբար լուծում են ստանում: