Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը մոնիթորինգ է անցկացրել հայկական «Նաիրիտ» ընկերությունում' ուսումնասիրելով հին գործարանի վիճակն ու նոր ձեռնարկության կառուցման հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Նրա խոսքով՝ մոնիթորինգը ներառում է տեխնիկական, ֆինանսական եւ բնապահպանական ուսումնասիրություններ: ««Ռոսնեֆտ»-ը խոստացել էր ուսումնասիրել հին «Նաիրիտ» գործարանի հնարավորությունները և նոր ձեռնարկության շինարարության հնարավորությունը: Թե ինչպես նրանք կներկայացնեն մոնիթորինգի արդյունքները և ինչ եզրակացությունների կհանգեն, մենք դեռ չգիտենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

Խոսելով այն մասին, թե ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում «Ռոսնեֆտ»-ի, նկատմամբ կիրառված պատժամիջոցները ինչպես կազդեն Հայաստանի վրա, նախարարը նշեց, որ «Ռոսնեֆտ»-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, որ պատժամիջոցներն ազդեն Հայաստանի վրա:

 

2014 թվականի սկզբին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել էին Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել էր, որ նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր և որ ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին: