Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեց Աջափնյակ վարչական շրջան և այնտեղ ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանում կառուցվում է չորս նոր շենք՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային կառույցների տարածքում: Քաղաքապետն այցելեց վարչական շրջանի Սիսակյան և Շինարարների փողոցներում գտնվող շինհրապարակներ, զրուցեց շինարարությունն իրականացնող մասնագետների և բնակիչների հետ:

 

Տարոն Մարգարյանը շինարարներին հորդորեց բնակչությանն անհանգստություն չպատճառել և չխանգարել նրանց: Բնակիչները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին նման նախաձեռնության համար:

 

«Երևանում մենք ունենք 4-րդ կարգի վթարային 9 շենք: Գույքագրումների հետևանքով մենք պարզել էինք, որ ունենք 650 բնակարանների պահանջ, որը շատ լուրջ խնդիր էր առաջացնում մեր երևանցիների համար: Մարդիկ բնակվելու տեղ չունեին և ստիպված ապրում էին վթարային բնակարաններում: Վտանգը շատ մեծ էր, քանի որ ամեն օր կարող էր արտակարգ իրավիճակ գրանցվել:

 

Փառք Աստծո, նման բան չեղավ, բայց մենք 2012 թվականին սկսեցինք այս ուղղությամբ ծրագրեր իրականացնել: 2013 թվականին մենք 200 բնակարաններ հանձնեցինք մեր 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին:Մնացել է 450 ընտանիքների խ նդիր լուծենք: Աջափնյակում իրականացվում է չորս բազմաբնակարան շենքի շինարարություն: Հուսով եմ, որ 2015 թվականի հոկտեմբերին ավարտին կհասցնենք կառուցումը և կհանձնենք շահագործման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում նշեց Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետի խոսքով, հետագա ծրագրերում քաղաքապետարանը հաշվի կառնի նաև երրորդ կարգի վթարային շենքերի հարցը: Այդ շենքերը հաճախ վերածվում են չորրորդ կարգի վթարայինի, և կարևոր է կազմակերպել դրանց ամրացման աշխատանքները: «Տասներկու հարկանի չորս շենքերի կառուցման համար տրամադրվել է 5,6 միլիարդ դրամ գումար: Նոր շենքերը վթարայինների տեղում են կառուցվում,մակերեսները պահպանվում են կամ մեծանում»,-նշեց Մարգարյանը:

 

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևանում հաշվառված է քանդման ենթակա չորրորդ կարգի վթարային ինը շենք: Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան, 16, Շինարարների, 15 ու 6 և Մարգարյան, 45 հասցեներում իրականացվում է շենքերի շինարարություն: Արդյունքում կլուծվի հաշվառված և քանդման ենթակա բոլոր վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հարցը: Կառուցվելիք բոլոր 450 բնակարանները կունենան ջեռուցման համակարգ: