«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է օրվա գլխավոր նորությունները.


Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը

 

Թուրքիայի նորընտիր նախագահի' օգոստոսի 28-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա:

 

***

 

Երկրաշարժ' Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

 

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օգոստոսի 26-ին' տեղական ժամանակով ժամը 02.11-ին, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Բավրայում' 3 բալ ուժգնությամբ:

Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, ով հաղորդել է, որ իրենց մոտ զոհեր և ավերածություններ չկան:

 

***

 

4,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արևմուտքում

 

Իրանի արեւմուտքում օգոստոսի 26-ի առավոտյան տեղի Է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրակեղեւի տատանումները, ինչպես հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը, գրանցվել են Թեհրանի համալսարանի սեյսմագրական կենտրոնի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Մուրմուրի բնակավայրում, որը գտնվում Է երկրի արեւմուտքի Իլամի նահանգում: Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Կալիֆորնիայում երկրաշարժից տուժածների թվում հայեր կան

 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է: Օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակը 207 է, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5-3.6 մագնիտուդով ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել:

Օգոստոսի 24-ին' ժամը 03.20-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա):

 

***

 

Հայ դիրքապահների ուղղությամբ նախորդ օրն արձակվել է ավելի քան 400 կրակոց. ԼՂՀ ՊՆ

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն' իրավիճակը պահել են վերահսկողության տակ:

 

***

 

Թուրքիայի նոր կառավարությունը կկազմվի մինչև սեպտեմբերի 1-ը

 

Թուրքիայի նոր կառավարությունը կկազմվի մինչև սեպտեմբերի 1-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական TRT Haber-ը, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:

Նա նշել է, որ նորմալ է համարում, եթե իրենք չլինեն նոր կառավարության կազմում: «Մենք վարչապետ Էրդողանի նախարարների կաբինետի մեջ էինք մտնում: Նրա գնալով, ըստ էության, պետք է գնանք նաև մենք: Դա ճիշտ կլինի քաղաքական էթիկայի տեսանկյունից: Կգա նոր վարչապետ, որը կներկայացնի նոր կառավարություն: Նա, իհարկե, անձամբ կընտրի այն մարդկանց, ում հետ կցանկանա աշխատել»,- ասել է Արընչը:

Օգոստոսի 28-ին տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Օգոստոսի 29-ին «Ադրարություն և զարգացում» կուսակցության արտակարգ նիստի ժամանակ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնապես կհայտարարվի որպես երկրի նոր վարչապետ և կուսակցության ղեկավար:

 

***

 

Երկու երկրաշարժ' Յակուտիայում

 

Յակուտիայի Աբիյսկի շրջանում օգոստոսի 26-ի առավոտյան տեղի Է ունեցել երկու երկրաշարժ: Առաջին ցնցումն ունեցել Է 4,5 մագնիտուդ, երկրորդը, որը գրանցվել Է մեկուկես ժամ հետո, 4,9 մագնիտուդ: Հարվածի հաշվարկային ուժը հասել Է 5,5 բալի, հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աբիյսկի շրջանում ապրում Է ավելի քան 4 հազար մարդ: ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության Սախայի Հանրապետության (Յակուտիայի) գլխավոր վարչության տվյալներով՝ շրջանի բնակավայրերից ոչ մեկում երկրաշարժերը չեն զգացվել, զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Էրեբունիում ամուսինը սպանել է կնոջը. հարուցվել է քրգործ

 

Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում oգոստոսի 25-ին, ժամը 19.30-ին, հաղորդում է ստացվել, որ Էրեբունի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա: Ժամը 20.00-ին ստացվել է երկրորդ հաղորդումը' «նախաբազկի կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ նույն բնակարանից բուժօգնության է տեղափոխել 1967թ. ծնված Էդիկ Ա.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 18.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, Էդիկ Ա.-ն ծալովի դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ' 1974թ. ծնված Մելանյա Արամյանի որովայնին և պատճառել մահ, որից հետո ածելիով դաստակները կտրելով' փորձել է ինքնասպանություն գործել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտված ծալովի դանակ և ածելի: Էդիկ Ա.-ն գտնվում է անգիտակից վիճակում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գոր ծ:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Ադրբեջանում խանդով են արձագանքել Էրդողանի երդմնակալությանը ՀՀ նախագահին հրավիրելուն

 

Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ դրական դրսեւորում անմիջապես հիստերիա է առաջացնում Ադրբեջանում: Այդ երկրում խանդով են արձագանքել նաեւ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին արված հրավերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, առաջին բացասական արձագանքը Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն արել է խորհրդարանի իր պատգամավոր Այդըն Միրզազադեի միջոցով: Վերջինս Facebook-ի իր էջում գրել է. «Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւս հրավիրելու լուրը վրդովեցրել է Թուրքիայի բարեկամներին: Թուրքերի թշնամուն պետական տոնին հրավիրելու պատճառը հասկանալի չէ: Պարզ չէ, թե Հայաստանի ղեկավարին հրավիրելով Էրդողանի երդմնակալությանը' ինչ է ուզում ձեռք բերել Թուրքիան»:

Թերթը գրում է, թե ակնհայտ է, որ այդ արձագանքն Այդըն Միրզազադեի սեփական իքնագործունեությունը չէ: «Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների անկախ դիրքրոշում ցուցադրելու փորձ Ադրբեջանում գոյություն չունի: Այդ պատճառով, նրա այդ դիրքորոշումը պետք է հասկանալ որպես իշխանության վերաբերմունք: Ամենայն հավանականությամբ այդ հարցի հետ կապված իշխանական ճամբարից ավելի խիստ հայտարարություններ կհնչեն, ինչը չի կարող ազդեցություն չթողնել Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների վրա», -եզրակացնում է թերթը:

Հետաքրքիր է, որ չնայած Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ցանկություն են հայտնել թյուրքական գրեթե բոլոր պետությունների ղեկավարները, Ադրբեջանը որոշել է ներկայանալ պետության երրորդ դեմքի' խորհրդարանի խոսնակի մակարդակով:

«Ազադլըգ»-ի հետ զրույցում Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլըն ուշագրավ մեկնաբանություն է տվել եղբայրական պետության' առաջին անգամ ժողովրդի կողմից ընտրված նախագահի երդմնակալության արարողությանը Իլհամ Ալիեւի նման վերաբերմունքին: Նա զարմանք է հայտնել, որ Թուրքիայի հետ «ռազմավարական հարաբերությունների» մեջ գտնվող Ադրբեջանը նման կարեւոր իրադարձությանը ներկայանում է ոչ առաջին դեմքի մակարդակով:

«Դա Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի իշխանության ունեցած իրական վերաբերմունքի դրսեւորումն է: Չնայած երկու երկրների ռազմավարական դաշնակցությանը, ադրբեջանական իշխանությունը մինչ այժմ չի կարողացել յուրացնել այդ մտածողությունը: Երկու ռազմավարական դաշնակիցների միջեւ մինչ այժմ վերացված չէ վիզային ռեժիմը: Միեւնույն ժամանակ երկու երկրների միջեւ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան: Ցավալի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի համար մինչ այժմ եղածից տարբերվող կերպար չկա: Այդ մոտեցումը Բաքուն ցուցադրում է նաեւ երդմնակալության արարողության նկատմամբ ունեցած վերաբերմունքով»,-ասել է Գահրամանլըն:

Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի պաշտոնապես հրավիրված լինելու մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Միասին-2014» ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

 

***

 

Արտաշատում սպանության փորձ է կատարվել

 

Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում օգոստոսի 26-ին' ժամը 01.10-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված Աբրահամ Պ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 00.45-ի սահմաններո ւմ, Արտաշատ քաղաքում տան դիմաց անհայտ անձը անհայտ տիպի 9 մմ տրամաչափի հրազենից մի քանի անգամ կրակել է Աբրահամ Պ.-ի ուղղությամբ' պատճառելով վնասվածքները և դիմել փախուստի: Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Մեր միակ երաշխիքը մեր Պաշտպանության բանակն է. Պարգև Սրբազան

 

Մեր միակ երաշխիքը մեր Պաշտպանության բանակն է, որը 20 տարի է՝ ապահովում է մեր անվտանգությունը: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:

«Պատերազմի ժամանակ մեր կամավոր ջոկատները, որոնք հետագայում վերածվեցին միասնական բանակի, փառավոր կերպով կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, բայց այսօրվա մեր երիտասարդները, երբ հաճախ այցելում եմ առաջին գիծ, տեսնում եմ իրենց հայացքը, ձգված լինելը, խրոխտ ձայնը, նրանց գիտակցությունը, նրանց խիզախությունը, անկեղծ ասեմ՝ իմ սպասածից ավելին է»,- ասաց Պարգև Սրբազանը:

Վերջինիս խոսքով՝ փայլուն սերունդ ունենք և դա բնական է: «Ամեն մի սերունդ պետք է գերազանցի ավագ սերնդին, եթե մենք կամենում ենք առաջխաղացում ունենալ: Այնպիսի սերունդ է, որը այս երեք շաբաթվա ընթացքում 100 տոկոսով դա ապացուցեց և դրա մասին վկայում են մեր գնդապետները, գեներալները, Արցախի պատերազմի հերոսները: Փառավոր սերունդ ունենք, արտակարգ երիտասարդներ»,- ասաց նա:

 

***

 

Ալիևի խորհրդականները ռազմարվեստից շատ բան չեն հասկանում. Կոմանդոս

 

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) լրագրողների հետ հանդիպման էր եկել քարտեզով: Քարտեզում պատկերված էին Հայաստանը, Արցախը եւ Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Կոմանդոսը ներկայացնում է, որ քարտեզի ողջ երկայնքով կանգնած են երկու երկրների զինակոչիկները:

«Երկու կողմում էլ կանգնած են 18-20 տարեկան զինակոչիկներ եւ նրանք երկուսն էլ պաշտպանում են իրենց հայրենիքը, սակայն մեկ տարբերությամբ' սահմանին կանգնած հայ զինվորը պաշտպանում է իր հայրենիք, մինչդեռ հակառակ կողմի զինվորը երբեմն չի հասկանում, թե ինչն է պաշտպանում, քանի որ Ադրբեջանը միատարր չէ, իսկ ազգային բոլոր փոքրամասնությունները ենթարկվում են սարսափելի ճնշումների եւ խոշտանգումների»,- ասում է Կոմանդոսը:

Արցախի հերոսի գնահատմամբ, սահմանին լարվածության բարձրացումն Ալիեւի կողմից արհեստական կերպով է արվում: Այդ կերպ, Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե իբր իր երկրում բարոյահեգոբանական վիճակը, հայրենասիրությունը բարձր մակարդակի վրա է: «Ալիեւը փորձում է ինքն իրեն համոզել, որ իր զինվորները ցանկանում են եւ կարող են պատերազմել»,- ասաց Կոմանդոսը' հավելելով, որ դիրքային առումով Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է եւ արհեստական լարվածությունից խուսափելու համար Արցախի հերոսն առաջարկում է լինել նախաձեռնող ու հասցնել առաջին հարվածը:

«Ես զինվորական եմ, ինչու պետք է ինձ նախազգուշացնեն պատերազմով, իսկ մենք' ոչ, այն պարագայում, երբ հայ զինվորականները շատ լավ տիրապետում են իրենց ու թշնամու ուժերին եւ հնարավորությունների: Ես չեմ ասում պատերազմի վերսկսում, սակայն թշնամին պետք է հասկանա, որ մենք միայն պատասխանողի դերում չենք: Պետք է լինել ավելի ակտիվ, որպեսզի թշնամին չհամարձակվի ակտիվանալ եւ սահմանային լարվածությունը մեծացնել»,- ասում է Կոմանդոսը' հավելելով, որ այս պարագայում կոնկրետ կետերի եւ կոնկրետ դիրքերի ուղղությամբ պետք է լինել հարձակողական:

Նրա խոսքերով, վերջին իրադարձությունները փաստեցին, որ Ալիեւի խորհրդականներն այնքան էլ գրագետ չեն ռազմական գործի հարցում եւ հերթական անգամ ապացուցվեց, որ նրանք ռազմարվեստի առումով գրեթե ոչինչ չեն հասկանում, եւ եթե պատերազմը սկսվի, նրանք տանուլ կտան:

Այս պարագայում, ըստ Կոմանդոսի, միջազգային հանրությունը չի կարող Հայաստանին մեղադրել ագրեսիայի մեջ, քանի որ հրադադարի կնքումից հետո տարիներ շարունակ Ադրբեջանը խախտում է զինադադարի համաձայնագիրը, սակայն միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն միշտ համահարթեցման քաղաքականություն են իրականացնում եւ կողմերին կոչ անում չխախտել կրակի դադարեցման ռեժիմը:

 

***

 

Ոստիկանը մի խումբ անձանց հետ բռնության զուգորդմամբ խուլիգանություն է կատարել

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի համաձայն' վիճաբանության ընթացքում ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:

Ոստիկանության աշխատակիցն ու մի խումբ անձինք դիտավորությամբ հարվածներ են հասցրել քաղաքացի Արմեն Հ.-ին' պատճառելով մարմնական վնասվածքներ, որը կանխվել է ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Ուկրաինայում ազատ են արձակել երկու լրագրողի

 

«Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության արտահաստիքային ֆոտոթղթակիցը և «Крымский телеграфъ» թերթի թղթակիցը ուղևորվում են Ղրիմ:

«Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության և France Press գործակալության թղթակից Մաքսիմ Վասիլենկոն, ինչպես նաև «Крымский телеграфъ»-ի թղթակից Եվգենիա Կորոլյովան ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության գծով՝ Ղրիմի դաշտային առաքելության տարածաշրջանային ներկայացուցիչ Անդրեյ Կրիսկոյին:

Լրագրողները ձերբակալվել են օգոստոսի 5-ին, Դոնեցկի շրջանում՝ «Աջ սեկտորի» գրոհայինների կողմից:

«Եվգենիայի ընկերուհու խոսքից պարզ է դարձել, որ երեկ՝ ուշ երեկոյան, «Աջ սեկտորը» լրագրողներին ոստիկանությանն է հանձնել, ինչից հետո նրանք ազատ են արձակվել: Ժենյան հեռախոսային զրույց է ունեցել իր մոտ ընկերուհու հետ, որում նա ասել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և երեքշաբթի իրենք կվերադառնան տուն՝ Ղրիմ»,- ասել է Կրիսկոն:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է «Крымский телеграфъ»-ի խմբագիր Մարիա Վոլկոնսկայան, լրագրողներն առայժմ կապ չեն հաստատել խմբագրության հետ:

 

***

 

Թուրքիայի նախկին նախագահը կանչվել է ցուցմունք տալու

 

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը պետական հեղաշրջման փորձ իրականանցելու գործում վկայություն տալու համար կանչվել է ցուցմունք տալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

Անկարայի ծանր հանցագործութունները քննող 5-րդ դատարանը Դեմիրելի փաստաբանի միջնորդությամբ նրան կանչել է ցուցմունք տալու 1997 թվականի փետրվարին իրականացված ռազմական հեղաշրջման գործով:

2013 թվականի սեպտեմբերին Էրզրումի քրեական դատարանը Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի դեմ մեղադրանք էր ներկայացրել 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջմանը մասնակցելու հիմնավորմամբ:

1997 թվականի ռազմական հեղաշրջումը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չորրորդն է 1960, 1971, 1980 թ. հեղաշրջումներց հետո: Այն հայտնի է «հետմոդեռնիստական հեղաշրջում», ինչպես նաև «թավշյա հեղաշրջում» անուններով, քանի որ ի տարբերություն նախորդ անգամների զինվորականությունն այս անգամ բռնի ուժ չկիրառեց:

 

***

 

ՆԱՏՕ-ի նավերը վերադառնում են Սև ծով

 

Ամերիկյան Էսկադրային ականակիրը եւ ֆրանսիական ֆրեգատը սեպտեմբերի 3-ին կմտնեն Սեւ ծովի ջրատարածք, օգոստոսի 26-ին ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է մի ռազմա-դիվանագիտական աղբյուր:

Այժմ Սեւ ծովի ջրատարածքում Է գտնվում ՆԱՏՕ-ի մեկ նավ՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական նավը: Նախօրյակին Սեւ ծովից հեռացել Է ամերիկյան Vella Gulf հածանավը, որը ծովում Էր գտնվում օգոստոսի 7-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սեպտեմբերի 3-ին միանգամից ՆԱՏՕ-ի երկու նավ կժամանի Սեւ ծով. ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Ross Էսկադրային ականակիրը եւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Commandant Birot ֆրեգատը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Հենց որ այս նավերը ժամանեն Սեւ ծով, Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome հետախուզական նավը կմեկնի վերադարձի ճանապարհով: Դա տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

Ինչպես հայտարարել Է աղբյուրը, ՆԱՏՕ-ի նավերի օպերատիվ շրջափոխման ռեժիմի պահպանումը չի նպաստում Սեւ ծովի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Մոնտրյորի կոնվենցիայի համաձայն՝ ոչ սեւծովյան պետությունների ռազմանավերը կարող են Սեւ Ծովում գտնվել 21 օրից ոչ ավելի:

 

***

 

Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը և Պորոշենկոն հնարավոր է ընդունեն համատեղ փաստաթուղթ

 

Մաքսային միության երկրների' Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաևի և Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի միջև հանդիպումը մեկնարկել է Մինսկում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Իտառ-տասս»-ը, Մինսկ են ժամանել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քերրին Էշթոնը, Առևտրի և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարներ' Կարել դե Գուխտն ու Գյունտեր Էթթինգերը, ովքեր ներկայացնում են Եվրահանձնաժողովը: Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքը կլինի ուկրաինական հողում խաղաղության հաստատումը:

Իր հերթին, ՌԴ նախագահ Պուտինը նշել է, որ իր երկիրը մշտապես հարգել ու հարգելու է այլ երկրների ընտրությունը, բայց ոչ ի վնաս այլ պետությունների ու ՌԴ-ի հաշվին: Միաժամանակ, ՌԴ նախագահն օգտակար է համարել ՄՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, սակայն կասկած հայտնել, որ դա հնարավոր կլինի Ուկրաինայի' Եվրամիության հետ ասոցացման պայմաններում: Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը վստահ է' Ուկրաինայի ճգնաժամը չի կարելի լուծել ուժային տարբերակով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է հանդիպման արդյունքներով ընդունել փաստաթուղթ, իսկ Ղազախստանի առաջնորդ Նազարբաևն կոչ է արել նույն ֆորմատով հանդիպում կազմակերպել նաև հաջորդ տարի' այս անգամ Աստանայում:

 

***

 

Ոստիկանները ձերբակալել են Ծաղկաձորի հանգստյան տնից հեռուստացույցներ գողացած անձանց

 

Ոստիկանության Հրազդանի բաժին էր դիմել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկի տնօրենն ու հայտնել, որ օգոստոսի 3-ին' ժամը 05.30-ի սահմաններում, երեք անհայտ անձինք, հանգստյան տան 2-րդ մասնաշենքի 1-ին հարկի դուռը բացելով, սենյակներից գողացել են պլազմային 5 հեռուստացույց:

Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել էին գողությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը' 1970թ. ծնված Հակոբ Մ.-ն էր: Օգոստոսի 24-ին Հակոբ Մ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկվել Հրազդանի բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ոմն Հովոյի և Սպոյի հետ միասին:

Նույն օրը ոստիկանության Հրազդանի և Մալաթիայի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1973թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1990թ. ծնված Սպարտակ Մ.-ն: Հակոբ Մ.-ն, Հովհաննես Հ.-ն և Սպարտակ Մ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

 

Նվագում են հայ զինվորները

 

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ, օգոստոսի 22-24-ը կազմակերպել էր լրագրողների այց դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այցի շրջանակներում հանդիպումներ եղան ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, ինչպես նաև լրագրողները հնարավորություն ունեցան այցելել Արցախի հյուսիս-արևմուտքում տեղակայված զորամասեր, հանդիպել զինծառայողների հետ:

Լուրեր.com-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տեսանյութ, որում ԼՂՀ N զորամասի զինծառայողները նվագեցին մի քանի երգ:Տեսանյութն ` այստեղ: