Իսլանդիայի հարավ-արևելքում օգոստոսի 27-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ, որտեղ ավելի վաղ հայտարարվել էր Բարդարբունգա հրաբխի ժայթքման սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02.50-ին (Երևանի ժամանակով 06.50-ին): Օջախն ընկած է եղել հինգ կիլոմետր խորությունում, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյոբն քաղաքից 100 կիլոմետր դեպի հյուսիս - արևմուտք: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել:

 

Այս երկրաշարժը մեկ օրվա ընթացքում երրորդն է Իսլանդիայում: Օգոստոսի 27-ին ավելի վաղ տեղական ժամանակով 00.16-ին (Երևանի ժամանակով 04.16-ին) հենց նույն շրջանում գրանցվել է 5,2 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ: Օջախն ընկած է եղել ութ կիլոմետր խորությունում: Օգոստոսի 26-ի առավոտյան կղզի պետության հյուսիսում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: