Ամստերդամից հատուկ չվերթով Քուալա Լումպուր են հասցվել Ուկրաինայի տարածքում Boeing-ի աղետից զոհվածների ինը մարմիններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել սգո արարողություն, իսկ այնուհետեւ ամբողջ երկրում լռության րոպե է հայտարարվել:

 

Սա արդեն երրորդ ինքնաթիռն է, որը հայրենիք է փոխադրել Malaysia Airlines-ի օդանավի կործանման հետեւանքով զոհվածների մնացորդները: Ինչպես ավելի վաղ հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը, աղետյալ ինքնաթիռում գտնվող 43 մալայզիացիներից առայժմ ճանաչված են 32-ը, եւ բոլորն էլ արդեն տեղափոխվել են հայրենիք:

 

Թագավորության պաշտպանության նախարար Խիշամուդին Հուսեյնն իր հերթին ընդգծել է, որ «աղետի բոլոր զոհերին վերադարձնելը Մալայզիայի կառավարության գերակա խնդիրներից մեկն է»: Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է, որ փորձագետները վերադառնան Boeing-ի կործանման վայր:

 

Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը , որը չվերթ էր իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Օդանավի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 298 մարդ, զոհվել են: Նրանց մեծամասնությունը՝ 196 մարդ, Նիդեռլանդների հպատակներ էին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: