Դոնեցկի մարզի Թորեզ քաղաք Է ժամանել երկրորդ գնացքը՝ չորս սառնավագոններով՝ մալայզիական Boeing-ի զոհված ուղեւորների մարմինների փոխադրման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաաղետի հետաքննության պետական հանձնախումբը:

 

«Ուկրաինացի բժիշկները, որոնք մտնում են պետական հանձնախմբի կազմի մեջ, Ինտերպոլի միջոցով հնարավորություն ունեն մուտք գործելու Boeing-777 ինքնաթիռի բոլոր զոհված ուղեւորների հարազատների ԴՆԹ-ների նմուշների պահոց»,- հայտարարել են պետական հանձնախմբում: Ըստ որում նշել են, որ պատրաստ են զոհվածների ԴՆԹ-ների անալիզը կատարել երեք օրվա ընթացքում: Մասնագետներն ընդգծել են, որ Եվրակազմակերպության ներկայացուցիչների միջոցով, որոնք գտնվում են ինքնաթիռի կործանման վայրում, շարունակում են բանակցություններ վարել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների հետ՝ զոհվածների մարմինները դուրս տանելու շուրջը:

 

Malaysia Airlines-ի Boeing-777 ինքնաթիռը Դոնեցկի մարզում կործանվել Է հուլիսի 17-ի երեկոյան: Ինքնաթիռում, պաշտոնական տվյալներով՝ եղել Է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: Վերջին տվյալներով՝ գտնվել են 251 զոհվածների մարմինները եւ մարմինների 86 մասեր:

 

Որոնողական աշխատանքներում ներգրավված են 800 մասնագետներ, ինչպես նաեւ կամավորներ: