Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեմ չէ ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին քաղաքականություն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ ինքը որևէ մեկի վերադարձին դեմ չէ: «Թող միշտ էլ լինեն քաղաքական դաշտում և իրենց փորձը, գիտելիքներն ի նպաստ բերեն մեր երկրին, ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

 

Հարցին, թե կսատարի՞ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին, եթե նա որոշի վերադառնալ քաղաքականություն, Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն սատարելու է իր մոտեցումները: «Խնդիրն այն է, որ երբ մենք մեր մոտեցումներով ենք ներկայանում, ասում ենք' երկրորդական է անձը, հետո պարզվում է, որ այդ մոտեցումներից որևէ մեկը պաշտպանում են, ու այդ ժամանակ մեզ ասում են' դուք դա արել եք, որ մտնեք կոալիցիա, կամ սրան-նրան պաշտպանելու համար եք սա մտածել»,- մանրամասնեց նա:

 

Ըստ ՀՅԴ պատգամավորի' ընդդիմադիր դաշտում կուսակցություններ կան, որ չեն ընդունում ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետերը, սակայն ուզում են համագործակցել: «Ինձ համար ինչ տարբերություն, երբ այն քաղաքական ուժերը, որ չեն ընդունում մեր յոթ կետերը, բայց ասում են' քանի որ մենք ընդդիմության մեջ ենք, եկեք իրար հետ սերտ համագործակցենք: Սերտ համագործակցենք' որ ի՞նչ: Որ մեկը գա, դառնա նախագահ ու հիմա էլ իրենից պահանջենք, որ անցնենք խորհրդարանական համակարգի. թե՞ այն բանաձևն են օգտագործում, որ մենք գանք, հետո դա անենք: Դա նմանվում է նրան, որ թողեք մի քիչ նստեմ ե ս այս աթոռին, հետո հանեք աթոռը տակից»,- ասաց պատգամավորը: