Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բոլոր կողմերն էլ պետք է զերծ մնան բռնի ուժի կիրառումից և իրենց ողջ էներգիան ուղղեն բանակցային գործընթացի շարունակականության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջան այցելած Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:
Նա հայտնել է, որ իրենք մեծ անհանգստությամբ են հետևել ղարաբաղյան հակամարտությունում վերջին շրջանում առաջացած լարվածությանն ու գրանցվող դեպքերին: «Սերբիան աջակցում է ցանկացած երկխոսությանը, որը կհանգեցնի խնդրի խաղաղ կարգավորմանը: Հարգելով Մադրիդյան սկզբունքները և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը' մենք ողջունում ենք բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են տևական կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների' ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի այժմյան խնդիրը ճիշտ ուղղությամբ քայլեր ձեռնարկելն է»,- հայտարարել է Դաչիչը:
Սերբիան 2015թ. նախագահելու է ԵԱՀԿ-ում, որի շրջանակում ստեղծված Մինսկի խմբին է պատկանում ԼՂ հակամարտության կարգավորման մանդատը: