Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նպատակ ուներ ավելի հստակ պատկերացում կազմել կողմերի դիրքորոշումների վերաբերյալ, ինչպես նաև նպաստել նրանց կողմից խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ Քերին արդյունավետ հանդիպում է անցկացրել, որի ժամանակ կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և թուլացնել շփման գծի լարվածությունը: Ուորլիքի խոսքով' Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց պատրաստակամությունը: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարը Սարգսյանին և Ալիևին կոչ է արել շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման հասնելու համար:
Ուորլիքը հայտնել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ակնկալում է, որ հոկտեմբերի վերջին Փարիզում կկայանա Ադրբեջանի, Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: «Մենք հուսով ենք, որ նախագահների հանդիպումը կառուցողական կլինի: ԵԱՀԿ Մինսկի խումբն ամեն ջանք կգործադրի, որպեսզի օգնի կողմերին հասնելու հակամարտության ամուր կարգավորմանը, սակայն կառույցը չի կարող իր որոշումը պարտադրել նրանց: Ի վերջո հիմնախնդրի կարգավորումը պահանջում է երկու կողմերի քաղաքական կամքը»,- հայտնել է ԱՄՆ համանախագահը: