Նախագահի պաշտոնից Ֆրանսուա Օլանդի հնարավոր վաղաժամկետ հեռանալու գաղափարն ավելի ու ավելի մեծ թվով կողմնակիցներ է գտնում Ֆրանսիայում: Այժմ երկրի բնակիչների 62 տոկոսը պատրաստ է պաշտպանել պետության ղեկավարի պաշտոնաթողությունը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:
Նախագահի պաշտոնաթողությունն առավել տարածված պատասխանն Է եղել հարցվածներին առաջարկված երեք տարբերակներից: Երկրորդ տեղն զբաղեցրել է Ազգային ժողովի արձակման տարբերակը: Իրադարձությունների նման զարգացման օգտին, որն ակտիվորեն պնդում են ընդդիմության առանձին ազդեցիկ ղեկավարներ, այժմ հանդես Է գալիս ֆրանսիացիների 54 տոկոսը:
Հարցվածների եւս 41 տոկոսը հանդես Է եկել հօգուտ այն բանի, որ նախագահը հերթական անգամ վերադասավորումներ կատարի կառավարության կազմում՝ պաշտոնաթող անելով վարչապետին:
Դրա հետ մեկտեղ, հարցման մասնակիցների 61 տոկոսը խոստովանել Է, որ այժմ չի հավատում Օլանդի իրական պաշտոնաթողության հնարավորությանը: Ֆրանսիացիները վստահ են, որ գործող նախագահը կամավոր չի թողնի իր պաշտոնը մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2017 թվականը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: