«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունը.
Դոնեցկում երկու օր շարունակ խախտում են հրադադարի ռեժիմը. ԴԺՀ փոխվարչապետ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը Դոնեցկի շրջանում ավարտվել է երկու օր առաջ:
«Ես կարծում եմ, որ հրադադար այլևս չկա: Ինտենսիվորեն ծանր զենք է օգտագործվում: Ռմբակոծում են քաղաքները: Դոնեցկի ութ շրջաններից չորսն անընդհատ ռմբակոծում են»,- ասել է Պուրգինը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով առաջին փոխվարչապետի հաղորդագրությունը:
Նրա խոսքով' մինչ այդ Կիևը չի օգտագործել ծանր զենք, ինչն էլ թույլ է տվել վերականգնել հաղորդակցությունը և լուծել հումանիտար խնդիրներ:
«Ներկայիս իրավիճակը տխուր է և այն տարբերվում է հրադադարին նախորդող իրավիճակից»,- ավելացրել է Պուրգինը:
Նախորդ դատական նիստի ժամանակ Միրզոյանն ընդունել էր իր մեղքը և առաջարկել 500 հազար ռուբլի գրավ վճարել ու երկրից չհեռանալու պայմանով ազատության մեջ սպասել դատարանի որոշմանը: Միրզոյանի իրավաբան Գեորգի Շատվորյանը դատարանին հայտնել էր, որ իր պաշտպանյալը վտանգ չի ներկայացնում հասարակության համար, հետևաբար վերջնական որոշմանը կարող է սպասել ազատության մեջ:
Օգոստոսի 18-ին 43-ամյա Արթուր Միրզոյանը կրակել էր Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան զինանշանի վրա: Նա անմիջապես ձերբակալվել էր, սակայն հրաժարվել էր խոսել իր արարքի դրդապատճառների մասին: Միրզոյանի գործողության հետևանքով տուժածներ չեն եղել:
Ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում Արթուր Միրզոյանի գլխավորած «Դոբրի լես» կազմակերպության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Միրզոյանի պապերը, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկվելով, տեղափոխվել են Արևելյան Հայաստան:
***
Վիճաբանություն և ծեծկռտուք' Ագարակ գյուղում
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.50-ին և ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Վիլիկ Պ.-ն և 1966 թ. ծնված Մխիթար Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ագարակ գյուղում, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Էդիկ Պ.-ն դանակահարել է իր եղբորը' Վիլիկ Պ.-ին, և վիճաբանությանը միջամտած հարևան Մխիթար Մ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մխիթար Մ.-ն ոչ թե միջամտել է վիճաբանությանը, այլ նա կանգնած է եղել իր տան բակում, երբ իրեն է մոտեցել Էդիկ Պ.-ն, անհիմն վիճաբանել և դանակով հարվածել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիկ Պ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ինքնասպանություն' Աբովյան քաղաքում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1960 թ. ծնված Ս. Զ.-ը կախվել է շենքի տանիքում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
ԿԽՄԿ-ն այցելել է հայ գերուն, փոխանակել ընտանեկան նամակներ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄՀ երևանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը: «Սեպտեմբերի 16-ին հանդիպում է եղել: Տեղի է ունեցել ընտանեկան հաղորդագրությունների փոխանակու մ»,-ասաց Հասմիկ Գալստյանը:
Ադրբեջանում գործող ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ գերուն առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 9-ին' գերության մեջ գտնվելու 13-րդ օրը:
Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գրու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:
***
Լեյլա Յունուսին խոշտանգելու համար բանտախուց են տեղափոխել երկրորդ քրեական հանցագործին
Ադրբեջանում շարունակվում են հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի խոշտանգումները Քյուրդախանը կալանավայրի մեկուսարանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Լեյլա Յունուսի փաստաբան Ալաիֆ Հասանովը լրագրողներին հայտնել է, որ նրա նկատմամբ խոշտանգումներն ուժեղացնելու համար բանտախուց են տեղափոխել երկրորդ քրեական հանցագործին:
«Նրա խցում է եւս մեկ քրեական հանցագործ, ով Յունուսի դեմ գրոհներում միացել է առաջին իսկ օրվանից այնտեղ գտնվող բազմակի քրեական հանցագործ Նուրիդա Հուսեյնովային: Լեյլա Յունուսի բանտային պայմաններն անթույլատրելի են: Երկու քրեական հանցագործներն էլ ծխում են, ինչը հսկայական խնդիրներ է առաջացնում Յունուսի առողջության համար, ով առանց այդ էլ տառապում է թարմ օդի անբավարարությունից: Քրեականները զբաղված են այն բանով, որ գովաբանում են իշխող ռեժիմը եւ Յունուսին մեղադրում հակապետական գործունեության մեջ», -ասել է փաստաբանը:
Բաքվի քրեակատարողական ծառայությունը հերքում է Լեյլա Յունուսի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին փաստերը:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆ Յունուսը մեղադրվում են «հայրենիքի դավաճանության, խարդախության, հարկերից խուսափելու» մեջ եւ ձերբակալվել են: Սակայն, այդ մեղադրանքները ոչնչով հաստատված չեն: Amnesty International-ը նրանց ճանաչել է որպես «խղճի բանտարկյալներ»:
***
Դոնեցկի ռմբակոծության հետևանքով երկու խաղաղ քաղաքացի է սպանվել. Զախարչենկո
Դոնեցկում ուկրաինական հրետանային ռմբակոծության արդյունքում երկու քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Դոնեցկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյին:
«Ռմբակոծությունն օդանավակայանից էր իրականացվում: Երկու խաղաղ քաղաքացի է սպանվել»,- հայտնել է ԴԺՀ վարչապետը:
Պայքարի արդյունքում երկու աշխարհազորային է զոհվել:
***
Հռոմի պապի դեմ Թուրքիայում մահափորձ կարող է իրականացվել. Daily Telegraph
Բրիտանական Daily Telegraph պարբերականն իր վերջին համարի առաջին էջում զետեղել է տեղեկությունն այն մասին, որ «Իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական խմբավորման անդամները կաող են սպանել Հռոմի Ֆրանցիսկոս պապին վերջինիս կողմից մուսուլմանական երկիր կատարելիք այցի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրաքում Վատիկանի դեսպան Հաբիբ էլ Սադրը հայտնել է, որ իրենք մտավախություն ունեն, թե Հռոմի պապի դեմ մահափորձ կարող են իրականացնել Ալբանիա կամ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում:
Վատիկանը պաշտոնապես հաստատել էր տեղեկատվությունն այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերին կայցելի Թուրքիա: Անկարայում Հռոմի պապը հույների Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ նոյեմբերի 30-ին կմասնակցի Սուրբ Անդրեասին նվիրված տոնակատարությանը:
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը կդառնա Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա:
***
ՆԱՏՕ-ն մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ
ՆԱՏՕ-ն մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստվում է աշխատանքային հարաբերությունների զարգացման նոր ուղիների մշակել: Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով հանրային քննարկումը' կազմակերպված Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից։
Միջոցառումը միտված է չեզոք պլատֆորմ ծառայել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հետագա ընթացքի քննարկման համար' ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համատեքստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, գնահատելով Հայաստանի հետ փոխհարաբերությունները, նշեց, որ գործընկերային հարաբերությունները Հարավային Կովկասի երեք երկրների հետ էական նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի հետագա գործողությունների և առաքելությունների իրականացման համար:
Հայաստանը եզակի դեր ունի որպես ՆԱՏՕ-ի գործընկեր: Հատկապես կարևոր էր ՀՀ նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին»,- ասաց դեսպանը' հույս հայտնելով, որ գագաթնաժողովը հիմք կհանդիսանա ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների զարգացման համար:
Նրա գնահատմամբ' գագաթնաժողովի հիմնական արդյունքը գործողությունների պլանի մշակումն էր: Մասնավորապես' գագաթնաժողովի ընթացքում մի շարք որոշումներ են կայացվել պաշտպանության կարողությունների զարգացման և ընդլայնման, 24 գործընկեր երկրների, այդ թվում' Հայաստանի հետ աշխատանքային հարաբերությունների զարգացման ուղիների մշակման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններին, Լիչը նկատեց, որ Ռուսաստանն ինքն է ընտրել ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք, և իրենք ստիպված են պատասխանել: «ՆԱՏՕ-ի հիմնական ուշադրության կենտրոնում են լինելու պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ:
Մենք պետք է ստեղծենք արագ արձագանքման բարձր պատրաստվածության օպերատիվ խմբեր, որոնք ի վիճակի կլինեն պատասխան տալ 48 ժամվա ընթացքում»,- նշեց դեսպանը:
Իսկ Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի գնահատմամբ' գագաթնաժողովի նվաճումներից մեկը մտածելակերպի փոփոխությունն էր, որն իր հերթին ենթադրում է ռազմական գործողություններից անցում դեպի ազգային բանակների վերապատրաստում:
Հայաստանի մասով' ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշեց, որ գործընկերությունը մեր երկրի հետ շարունակելու է: «Առաջին անգամ Հայաստանի համար իրականացվելու է մասնագիտական զարգացման ծրագիրը, որը նախատեսված է առանձին սպաների և զինծառայողների վերապատրաստման համար:
Մենք արդեն ստացել ենք առաջին ֆինանասական միջոցները Հայաստանում վերապատրաստումներն սկսելու համար և այս շաբաթ քննարկումներ ենք անցկացնելու ծրագիրն իրականացնելու վերաբերյալ»,- հայտնեց Լահյուն: