Նյու-Յորքի Մանհեթըն շրջանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենի փեսային' Սուլեյման Աբու Գեյտային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս տարվա մարտին 48-ամյա քուվեյթցին մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի քաղաքացիներին սպանելու դավադրության, ինչպես նաև ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Շրջանային դատավոր Լյուիս Կապլենն ընդգծել է, որ Աբու Գեյթն այդպես էլ չի ընդունել իր համագործակցությունն ահաբեկիչների հետ: «Իմ կարծիքով' Դուք պատրաստ եք գնալ ամեն ինչի, որպեսզի աջակցեք «Ալ-Քաիդա»-ին' իրականացնելու իր օպերացիաները, որոնց նպատակն է սպանել ամերիկացիներին»,- «Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ' ասել է Կապլանը' դիմելով մեղադրյալին:
Հետաքննության արդյունքներով' Աբու Գեյթը հանդես է եկել «Ալ-Քաիդա»-ի պաշտոնական ներկայացուցչի դերում, մասնավորապես, մասնակցել է գովազդային տեսահոլովկների ստեղծմանը' ուղղված ահաբեկիչների շարքերը նորակոչիկներով հավաքագրելուն: