Անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունն ըստ «Mediamall.am»


Վթար' Արմավիր քաղաքում. կա տուժած

 

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 32 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 50 ՏՍ 909 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շատրվանին: Տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 

***

 

Մահացել է Գրիշա Սիմոնյանը

 

Սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը:
Ֆուտբոլիստը տառապում էր գլխուղեղի քաղցկեղով և բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա: Մինչ այդ Գրիշան պայմանագիր էր կնքել «Տերեկի» հետ:
Ֆուտբոլիստը գարնանը և ամռանը բուժվել է Գերմանիայում, որից հետո վերադարձել Մոսկվա:

 

Սիմոնյանի բուժման երրորդ փուլը պետք է սկսեր սեպտեմբերի 15-ին, սակայն պատանու առողջության վատթարացումից հետո Գերմանիա մեկնելը հետաձգվել էր:
Սեպտեմբերի 22-ին ֆուտբոլիստը վիրահատության է ենթարկվել, սակայն հայտնվել է արհեստական կոմայի մեջ: Այսօր երիտասարդը մահացել է: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը

 

***

 

Ստամբուլում հայկական համայնքին պատկանող սեփականությունը վերջնականապես վերադարձվել է իր տերերին

 

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշում է կայացրել շուրջ 42 հազար քառակուսի մետր տարածք վերադարձնել հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, հայկական համայնքին վերադարձված տարածքի մեջ է մտնում նաև Ստամբուլի Զեյթինբուրնուի մարզադաշտը:

 

Հայկական գույքը հիմնադրամին վերադարձնելու վերջնական որոշումը կայացվել է 2014 թվականի հունվարի 22-ին: Սակայն Զեյթինբուրնուի քաղաքապետարանը դատարանում բողոքարկել էր որոշումը' պատճառաբանելով, թե հայկական համայնքին տարածքը վերադարձնելու որոշումը հակաօրինական է: Այդուհանդերձ, դատարանը չի բավարարել Զեյթինբուրնուի քաղաքապետարանի հայցը' տարածքը թողնելով հայկական համայնքին:

 

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ ցանկանում են իրենց վերադարձված և 338 միլիոն թուրքական լիրա (մոտ 150 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ տարածքն օգտագործել ամենաարդյունավետ ձևով: Շիրինօղլուի խոսքով' այդ տարածքում ամենայն հավանականությամբ կկառուցվեն առևտրի կենտրոն, հյուրանոց կամ իջևանատուն, իսկ դրանցից ստացվող եկամուտը կօգտագործվի հիվանդանոցի և համայնքի կարիքները հոգալու համար:

 

 

***

 

Մոսկվան պատրաստ Է աջակցել «Իսլամական պետության» դեմ պայքարին. Լավրով

 

ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի հետ հանդիպմանը հավաստել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում Իրաքի իշխանություններին աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

 

Հանդիպումը սեպտեմբերի 25-ին տեղի Է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Նյու Յորքում ընթացող 69-րդ նստաշրջանում:

 

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, Լավրովը հավաստել Է Ռուսաստանի անփոփոխ աջակցությունն Իրաքի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

 

«Ընդսմին ընդգծվել Է, որ Մոսկվայում պատրաստ են այսուհետեւ Էլ աջակցություն ցուցաբերել Իրաքի ղեկավարությանը ահաբեկչական սպառնալիքին, նախեւառաջ ի դեմս «Իսլամական պետության», հակահարված հասցնելու նրա ջանքերում»,-ասված Է փաստաթղթում:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը հանդես Է եկել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների մեկնաբանությամբ: «Այս օրերին Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանը հանդես Է գալիս ահաբեկչությանն արդյունավետ հակազդելու հետեւողական ու սկզբունքային գծի օգտին:

 

Մեր համոզմամբ՝ անհրաժեշտ Է ահաբեկչության հիմնախնդրի եւ դրա ծավալման պատճառների խորը եւ համալիր վերլուծություն…Մենք կոչ ենք անում միջազգային հանրակցության բոլոր պատասխանատու անդամներին՝ մասնակցել ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության մշակմանը եւ դրա իրագործմանը»,- նշվում Է նախարարության մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

***

 

ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալել է մանկավարժականի հեռակա ուսուցման պատասխանատուին

 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը:

 

Մկրտիչ Ղուկասյանը Երևան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս պահանջել և ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք:

 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

 

Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներն ստորագրել են մայիսին: Անհրաժեշտ 226 ձայնի դեպքում «կողմ» Է քվեարկել 441 պատգամավոր, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ է մնացել մեկ պատգամավոր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը՝ բազային փաստաթուղթ, որն ամրագրում Է Մաքսային միությունից եւ Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրացման հաջորդ փուլին անցնելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում: Այդպիսով՝ ավարտվում Է ԱՊՀ-ի տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:

 

Պայմանագրի ուժի մեջ մտնելը կոչված Է ապահովելու միության աշխատանքը 2015 թվականից եւ գործարկելու ներքին առեւտրատնտեսական եւ կոոպերացիոն կապերի զարգացումը, բարձրացնելու ազգային արտադրությունների մրցունակությունը եւ ուժեղացնելու միության երկրների դերն աշխարհի տնտեսական համակարգում:

 

Պետդումայի եվրասիական ինտեգրացման կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ակնկալում Է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը դրա բոլոր մասնակիցների կողմից կվավերացվի նախքան երեք երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 9-ին Մինսկում կայանալիք հանդիպումը:

 

Սլուցկին հայտնել Է, որ Ղազախստանի խորհրդարանը պլանավորում Է այդ հարցը քննարկել հոկտեմբերի 1-ին, իսկ Բելառուսի խորհրդարանը՝ հոկտեմբերի 7-ին:

 

 

***

 

Աբխազիայի կառավարությունը վայր Է դրել լիազորությունները

 

Աբխազիայի նախարարների կաբինետը սեպտեմբերի 26-ին հայտարարել Է իր լիազորությունները վայր դնելու մասին: Հանրապետության կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան հայտնել Է, որ «Աբխազիայի օրենքներին համապատասխան, կառավարությունը պաշտոնաթող Է լինում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

Կառավարության նիստին մասնակցած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել Է նախարարների կաբինետի պաշտոնաթողության մասին հրամանագիրը:

 

Միեւնույն ժամանակ նա հանձնարարել Է կառավարության անդամներին՝ իրենց պարտականությունների կատարումը շարունակել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը:

 

***

 

700 հեկտարը հսկում է մեկ տեսուչ, եթե ուղղաթիռ էլ տանք՝ նա չի կարող հսկումն իրականացնել. Իշխան Զաքարյանը՝ Խոսրովի արգելոցի մասին

 

ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեցին Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարություններում Վերահսկիչ պալատի 2013 թվականին արված ուսումնասիրության արդյունքները:

 

ՎՊ ներկայացուցիչը ներկայացրեց Բնապահպանության նախարարությունում արված ուսումնասիրությունների արդյունքները, ինչից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն անդրադարձավ Խոսրովի արգելոցում տեսուչների քանակի հարցին:

 

«700 հեկտարը հսկում է միայն մեկ տեսուչ, եթե ուղղաթիռ էլ տանք՝ նա չի կարող հսկումն իրականացնել: Խնդիրը հետևյալն է. այն ճանապարհները, որ կան, տեսուչները ձիերով են շրջում, որպեսզի կարողանան տարածքը հսկել»,- ասաց ՎՊ նախագահը և միևնույն ժամանակ նկատեց, որ Խոսրովի արգելոց իրենց այցելության ընթացքում տեսել են, որ տարածքը բավականին լավ պահպանվում է:

 

***

 

Հայկական կողմը երկուշաբթի կճշտի Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ հարցմանը Ադրբեջանի պատասխանը

 

 

Ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի գործը ՄԻԵԴ-ում ներկայացնող աշխատանքային խումբը երկուշաբթի' սեպտեմբերի 29-ին կդիմի կառույցին Ադրեբանից ակնկալվող պատասխանին ծանոթանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

 

«Քանի որ այսօր (սեպտեմբերի 26) Ադբեջանի կողմից ՄԻԵԴ-ին պատասխանելու վերջին օրն է, մենք մի երկու օր կսպասենք ու երկուշաբթի կդիմենք նույն մարմիններին ու կտեղեկանանք, թե ինչ պատասխան է տրվել»,- հայտնեց Լարիսա Ալավերդյանը:

 

Ինչ վերաբերում է Մամիկոն Խոջոյանի գործով հայցին, դեռ որևէ պատասխան չկա, քանի որ, Լարիսա Ալավերդյանի հավաստմամբ, այն բավականին երկար գործընթաց է: «Ի տարբերություն 39-րդ հոդվածով գործընթացին, որի պատասխանը տալիս են գրեթե անմիջապես, այս մեկը երկար է տևում, մինչև անգամ հայցը ընդունել-չընդունելու պատասխանը ստանալը բավականաչափ երկար գործընթաց է»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)' դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

 

Սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

 

Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ:

 

Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից:

 

Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

 

***

 

Բալահովիտում վրաերթի հետևանքով 4-ամյա երեխա է մահացել

 

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 25-ին' ժամը 19.30-ի սահմաններում, Բալահովիտ գյուղում վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի: 2010թ. ծնված Հարություն Մովսիսյանը տեղում մահացել է, իսկ 1984թ. ծնված Գևորգ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

 

Իշխան Զաքարյանի «ջախջախիչ» պատասխանը. «Հայկական միրգ»-ի տնօրենը հրաժարվեց իր խոսքերից և մեղադրեց լրագրողներին

 

ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեցին Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարություններում Վերահսկիչ պալատի 2013 թվականին արված ուսումնասիրության արդյունքները:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունում ուսումնասիրվել է չորս ուղղություն:

Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև «Հայկական միրգ»-ում կատարված ուսումնասիրությունները:

 

Հաշվետվության ներկայացումից հետո ՎՊ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց «Հայկական միրգ» ընկերության մասով բերված փաստերի հետ կապված բոլոր փաստաթղթերը, ապա ամփոփիչ հարց ուղղեց տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանին՝ «Ո՞ր կետի հետ համաձայն չեք»:

 

Ընկերության տնօրենը երկար լռելուց հետո հայտարարեց, որ ինքը համաձայն է ներկայացվածի հետ, ինչից հետո Իշխան Զաքարյանն ասաց. «Ձեր նախկին տնօրենը՝ Ալվինա Ավագյանը, հեռուստատեսությամբ ասում է՝ Իշխան Զաքարյանի հայտարարությունն ընդամենը շոու է: Դուք էլ, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Արմնյուզ» և «Կենտրոն» հեռուստաընկերություններով հայտարարում եք. «Սև PR են անում, ցեխ են շպրտում, սխալ փաստեր են հրապարակում և մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում:

 

Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ վատը տեսնում, մենք նորմալ ծրագիր ենք անում, առանց այդ էլ գյուղացու կոտրած հավատը նորից ուզում են կոտրել ինչ-որ սուտ-մուտ տեղեկություններով»: Հիմա ո՞նց եք մեկնաբանում այն, ինչ ասացիք այստեղ և ինչ ասել եք: Մենք, որ բացահայտումներն անում ենք, դրանով գյուղացու հավատը կոտրո՞ւմ ենք, այսպե՞ս եք պատասխանում ՎՊ-ի հետազոտություններին»,- ասաց Իշխան Զաքարյանը:

 

Ընկերության տնօրենն սկսեց մեղադրել լրատվամիջոցներին, որից հետո հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը խորհուրդ տվեց տնօրենին չշարունակել, այլապես պետք է մամուլին էլ պատասխան տա:

 

***

 

Հիվանդանոցից կալանավոր է փախել

 

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից sեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, փախուստի է դիմել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955թ. ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Արտաքին նշաններն են. հասակը՝ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, քայլում է կաղալով: Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ոստիանությունը խնդրում է նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

 

***

 

ԼՂՀ-ն միակողմանի կարգով պատրաստակամություն է հայտնել Հ.Հասանովի դին Ադրբեջանին հանձնելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ ի շխանությունները կընդունեն համապատասխան որոշում։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է և նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ.Հասանովը՝ ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ.Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։

 

***

 

Ժիրինովսկին Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ցավոտ խնդիր է, և Ռուսաստանը հետաքրքված է, որպեսզի այն որքան հնարավոր է շուտ կարգավորվի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով Բաքվում Սլավոնական համալսարանի ուսանողների առջև:

 

Ժիրինովսկին հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը օգտակար կլինի և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար: «Այժմ կա այն ընկալումը, որ հակամարտությունը հարկավոր է կարգավորել: Իսկ այդ կարգավորումը կարող է լինել երկու երկրների ղեկավարների մակարդակով»,- ասել է նա:

 

***

 

Աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետը. Tert.am

 

Ոստիկանությունում կադրային փոփոխության արդյունքում աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

 

Նա նշեց, որ Ռոբերտ Նավասարդյանը գրանցվել է կադրերի ռեզերվում։