«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունը.


Ալիևն ու Պուտինը հանդիպել են Աստրախանում

 

Մերձկասպյան պետությունների 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Աստրախանում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները: Ալիևն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ պահպանվում է երկխոսությունը պետությունների միջև և հարաբերություններն ընթանում են թե’ տնտեսական, թե’ քաղաքական, թե’ էներգետիկ ոլորտներում:

 

***

 

Իսլամիստները տարածել են գերված բրիտանացու ուղերձի հերթական տեսագրությունը

 

«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները Համացանցում զետեղել են բրիտանացի լրագրողի նոր ուղերձը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC-ին:

 

Սա ԻՊ-ի գերության մեջ հայտնված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի երրորդ ուղերձն է: Դրանում նա քննադատում է Սիրիայում խմբավորման զինյալների ոչնչացման՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պլանը, ինչպես նաեւ ծաղրի է ենթարկում իրաքյան բանակի մարտունակությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, որոնք աջակցում են Սիրիայի ազատ բանակին, կոռումպացված են եւ անարդյունավետ:

 

Ավելի վաղ ԻՊ-ի զինյալները երեք տեսագրություն են զետեղել Համացանցում: Դրանցում ներկայացված է երեք պատանդների՝ երկու ամերիկացիների եւ մեկ բրիտանացու մահապատիժը:

 

Ներկայում արեւմտյան եւ արաբական պետությունների կոալիցիան ավիահարվածներ Է հասցնում ԻՊ-ի զինյալներին: Կոալիցիայում ընդգրկված են կամ պլանավորում են մոտ ժամանակներս դրան միանալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Դանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հորդանանը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Ամիրայությունները, Քատարը, Սաուդյան Արաբիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

***

 

Թուրքիայում հարձակվել են իշխող կուսակցության շենքի վրա

 

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուր քաղաքում անհայտ անձինք հարձակվել են քաղաքապետարանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքերի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Հարձակվողները շինությունների մոտ հերթապահող ոստիկանության վրա մոլոտովյան կոկտեյլներ և ձայնային ռումբեր են նետել: Ոստիկանությունը օդ է կրակել սադրիչներին զսպելու նպատակով: Հարձակվողների փախչելուց հետո տարածքում զգալի քանակությամբ ինքնաշեն պայթուցիկներ են հայտնաբերվել:

 

Կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Թուրք իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում հարձակումն իրականացրած մարդկանց հայտնաբերելու նպատակով:

 

***

 

Արդեն զենք եք դնում ձեռքս. Գալուստ Սահակյան

 

Ազգային ժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 96 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:

 

Նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ պատգամավորներն աղմկում էին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ժպիտով նկատեց. «Երկրորդ ընթերցմամբ արդեն զենք եք դնում ձեռքս»:

 

Նշենք, որ նախագծի հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը երեկ ներկայացրեց այն պատժամիջոցները, որոնք այս փոփոխությամբ պետք է կիրառվեն կարգազանց պատգամավորների նկատմամբ:

 

***

 

Առևտրականները կրկին ԱԺ-ի դիմաց են

 

Հարյուրավոր առևտրականներ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ դիմաց:

Առևտրականների պահանջը նույնն է. նրանք արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Նշենք, որ այսօր այդ հարցով ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ:

 

***

 

Ռուս-վրացական սահմանի «Լարս» անցակետը ժամանակավորապես կփակվի

 

Դևդորակի կիրճում սողանքի վտանգի պատճառով՝ գիշերային ժամերին ժամանակավորապես կփակվի ռուս-վրացական սահմանի «Լարս» անցակետը: Այս մասին հայտնել է Trend-ը՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիդ Շավլիաշվիլիին:

 

Ըստ օդերևութաբանների՝ մոտ ժամանակներս եղանակային պայմանների կտրուկ վատթարացում է սպասվում, և վտանգ կա, որ կարող են մեծ լեռնազանգվածներ տեղաշարժվել:

 

«Մեր և այլ մարմինների ներկայացուցիչները գտնվում են այդ վայրերում և վերահսկում են լեռնազանգվածների շարժումը: Ամենայն հավանականությամբ, անվտանգության նկատառումներով մենք գիշերային ժամերին կփակենք անցակետը, հետո կնայենք եղանակային պայմաններին»,- ասել է նա:

 

***

 

Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի, տրվել է պետական ընթրիք

 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրվել է պետական ընթրիք:

Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հունական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Ոչ իշխանական ուժերը առևտրով զբաղվողներին կոչ են անում շարունակել պայքարը

 

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը շարունակելու են արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը՝ առևտրով զբաղվողների պահանջները բավարարելու համար: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի տապալումից հետո, խորհրդարանի շենքի մոտ հավաքված առևտրականների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

«Գիտեք, որ մենք արտահերթ նիստ էինք հրավիրել ձեր հարցը քննարկելու համար, սակայն քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց նիստը և այն չկայացավ: Սակայն սա մեզ չի ընկճում: Մենք շարունակելու ենք արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրություններ հավաքել և հրավիրելու ենք նիստ ամեն օր, մինչև այն կայանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:

 

Նա առևտրով զբաղվողներին կոչ արեց ակտիվորեն շարունակել պայքարը: «Մենք ձեզ հետ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր խնդիրները լուծում ստանան, սակայն դուք էլ ձեր հերթին պետք է շարունակեք ակտիվ պայքարել և ճնշում գործադրել»,- նկատեց պատգամավորը:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ նրանց հարցը կբարձրացնեն նաև եռյակի հոկտեմբերի 10-ին կայանալիք անրահավաքի ժամանակ, եթե մինչ այդ իշխանությունները այս խնդրին լուծում տված չլինեն: «Մենք ձեր հարցը կմիացնենք մեր 12 կետերին և հարցի մասին կբարձրաձայնենք հանրահավաքի ժամանակ՝ հասարակության ավելի լայն զանգվածի առջև»,- ասաց նա:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ քաղաքացիներին կոչ արեց շարունակել պայքարը և ներկայացնել իրենց պահանջները: «Մենք պետք է պայքարի միջոցով հասնենք նրան, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը իրենց հայտարարած ականջալուր լինելը իրականություն դարձնեն, գան, քննարկեն լուծումներ տան: Եթե մենք մեր պայքարը դադարեցնենք, կառավարությոունը հանգիստ կկիրառի այս օրենքը»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:

 

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ իրենք կդիմեն ՍԴ՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կասեցնելու պահանջով' մինչև չգտնվի խնդրի արդյունավետ լուծումը:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ին արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն այն չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին մասնակցելու համար գրանցվել էր 37 պատգամավոր: Ասրտահերթ նիստի օրակարգում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծն էր, որով ոչ իշխանական ուժերը նախատեսում են լուծել բազմաթիվ առևտրականների պահանջները և լուծել ննրանց խնդիրները: