Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին է հայտարարել Մաքսային միությանը, իսկ հետագայում Եվրասիական միության ձևավորմանը միանալու որոշման մասին: «Պայմանագիրը բաղկացած է բուն տեքստից և հինգ հավելվածներից: Հայաստանը, համաձայն պայմանագրի, դառնում է ԵՏՄ-ի լիիրավ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: Պայմանագրով նախատեսվում է համատեղ որոշումների կատարում, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ վեճերի կարգավորման հարցերը»,- ասաց նա:
Պայմանագրով սահմանված է նաև այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ անցումային փուլում Հայաստանի համար կիրառվելու են միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման այլ մաքսատուրքեր: