Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների' Ֆրանսիայում սպասվելիք հանդիպումն առաջին հերթին պետք է ունենա որոշակի օրակարգ եւ, բացի սկզբունքների քննարկումից, պետք է քննարկվեն նաեւ բանակցային գործընթացն ու հետագա անելիքները: Հակառակ պարագայում, հանդիպումը նախորդների պես որեւէ արդյունք չի տա եւ կլինի ընդամենը հանդիպում, որը միտված է երկարացնել բանակցային գործընթացը:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը շեշտում է, որ առաջին հերթին պետք է ադրբեջանական կողմի պահվածքը վստահություն ներշնչի, սահմանին կատարվող միջադեպերի առնչությամբ իրականացվի հետաքննություն, որպեսզի հնարավոր լինի բանակցային սեղանին հասնել լուրջ հաջողությունների:

 

«Ստատուս քվոն փոփոխության չի ենթակվում այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում եւ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը շարունակվում է: Ստացվում է, որ նախագահները հանդիպում են, սակայն բանակցային գործընթացում շարժում չի արձանագրվում: Դա պայմանավորված է այն հակադիր դիրքորոշմամբ, որ ունեն կողմերը»,- ասաց Ալեքսանդր Մարգարովը:

 

Պետական այցով Երեւան այցելած Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ կցանկանար Փարիզում տեսնել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին եւ հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հասնել լուրջ եւ վերջանական արդյունքի: Երկար ժամանակ պաշտոնական Բաքուն պահանջում էր կոնկրետ ձեւաչափեր եւ առաջարկներ Ֆրանսիայից: Ամենայն հավանականությամբ, երկու նախագահների հանդիպումը ծրագրվում է հոկտեմբերի վերջին Փարիզում: Դրա վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա: