Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը վստահ չէ, որ ընդդիմադիր եռյակի ցանկություններն անկեղծ են: ԱԺ նախկին պատգամավորը խոստովանում է, որ բավական երկար ժամանակ հետեւում է եռյակին ու վստահ է, որ քաղաքական այդ ուժի գործունեությունը ձեւականություն է:
«Խայտառակություն է, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսում է կոռուպցիայից եւ դրա դեմ պայքարից: Այդ մարդը հարկերը չի վճարում եւ միաժամանակ խոսում է կոռուպցիայից: Մի՞թե ճյուղը, որի վրա նստած է նա, կցանկանա կտրել»,- դեկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսին ասաց Սադոյանը' հավելելով, որ հավատ չունի նաեւ Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ: Նրա խոսքերով' անկախ անվան փոփոխությունից, ՀԱԿ-ը ՀՀՇ-ի հետնորդն է ոչ միայն առաջնորդների, այլեւ գաղափարների առումով: «Լավ է, որ գոնե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ քայլեր է կատարում, որպեսզի կարողանա ազատվել միությունից»,- ասաց Սադոյանը: Բացի եռյակից, Սադոյանը մեծ հույսեր չի կապում նաեւ Հայաստանի' ԵՏՄ անդամակցության հետ:
Ըստ նրա, Հայաստանն իր գաղափարախոսությամբ, ապրելակերպով եւ մտածելակերպով ոչ թե եվրասիական, այլ եվրոպական կողմնորոշում ունի: Ինչ վերաբերում է անվտանգությանը, Սադոյանը կասկածներ ունի, որ ԵՏՄ-ի կազմում Հայաստանի անվտանգությունը կապահովվի: «ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանին հինգ միլիարդ դոլարի զենք է ծախել: Մենք բոլորս էլ գիտենք, որ պատից կախված զենքը մի օր կրակելու է, հետեւաբար, այսպես մեր անվտանգությունը չի ապահովվի: Բացի այդ, ես խորապես համոզված եմ, որ դրամի արժեզրկումը կապված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հետ եւ որքան այդ պատժամիջոցները խստանան, այնքան երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է վատանալու»,- ասաց Սադոյանը: