Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն իշխող «Վրացական երազանք» կոալիցիային մեղադրել է ներկայում ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության հետ հանցավոր համաձայնության մեջ, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Վրացական երազանքը» հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի արդարացնի «Ազգային շարժմանը»: Դա հիմք է տալիս մտածելու, որ «Վրացական երազանքի» անդամների մեծ մասը լավագույն դեպքում անգործունակ են, իսկ վատագույն դեպքում՝ հանցավոր համաձայնության մեջ են ՄԱՇ-ի հետ, ինչը նպատակամղված է «Ազգային շարժմանը» փրկելուն, որպեսզի ինչ-որ ժամանակ անց այն վերադառնա փոխված տեսքով»,- հայտարարել է Բուրջանաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ «հանցավոր համաձայնությունը դրսեւորվում է այն բանում, որ անցկացվում են «ամոթալի» դատավարություններ, որոնց ընթացքում դատախազությունը չի կարողանում հիմնավորված մեղադրանքներ առաջադրել Սահակաշվիլիի կողմնակիցներին»:

 

Նրա խոսքով՝ «հետաքննությունը ոչ թե պետք է կալաներ Սահակաշվիլիի տատիկի ավտոմեքենան, այլ փնտրեր այն միլիոնները, որոնք նա դուրս է բերել երկրից»: «Բայց դրա համար հարկավոր է չվախենալ եւ չպետք է նայել դեսպանությունների կողմը, կարեւոր չէ արեւմտյան են դրանք, թե արեւելյան, հյուսիսային թե հարավային, եւ սպասել, թե ինչ կասեն նրանք: Դրա համար հարկավոր է ձեռնհասություն ու համարձակություն, որը «Վրացական երազանքը» չունի»,- հայտարարել է Բուրջանաձեն: