UWC Դիլիջան քոլեջի կառուցման գործին նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին քոլեջի պաշտոնական արարողության ժամանակ նախաձեռնության մի խումբ հեղինակների պարգեւատրել է շքանշանով եւ մեդալով:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ կրթության բնագավառի զարգացմանը և միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման և կրթական ծրագրերի իրականացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել նաեւ շինարար Օլեգ Ժուկովսկին քոլեջի կառուցմանն աջակցելու համար:

 

Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման գործին նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար բարերար Օլեգ Մկրտչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Երախտագիտության մեդալներով են պարգեւատրվել քոլեջի ավագ կառավարիչ Դմիտրի Լետովին, կառույցի գլխավոր ճարտարապետ Թիմ Ֆլինին եւ ծրագրերի ղեկավար Էդգար Մանուկյանը:

 

UWC Դիլիջան քոլեջի պաշտոնական բացումը կայացել է հոկտեմբերի 11-ին:

UWC Դիլիջան քոլեջը Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում առաջին նման կառույցն է: Ընդունելության առաջին տարին դպրոցն ընդունել է 96 աշակերտի աշխարհի մոտ 50 երկրից: Այն լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնություն է, շինարարությունն իրականացվում է ավելի քան 200 դոնորների միջոցների հաշվին:

 

UWC Դիլիջան քոլեջում այժմ դասավանդում է 25 ուսուցիչ: Ուսուցումն անգլերեն է եւ իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017 թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը IGCSE ուսումնական ծրագրով: