ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթով նախատեսվում Է ոչ միայն վարժական բազա կառուցել Վրաստանի տարածքում, այլեւ ռազմական դպրոց եւ լոգիստիկայի կենտրոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի է ունեցել Ուելսում, հաստատվել է միջոցառումների փաթեթ, որոնք կօժանդակեն Վրաստանին՝ դաշինքին անդամակցելու նրա ճանապարհին:

 

«Համագործակցության նոր փաթեթում կան նաեւ այլ նախաձեռնություններ, ինչպես, օրինակ, ռազմական դպրոցի կառուցումը, որտեղ պատրաստություն կանցնեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ լոգիստիկայի կենտրոնի հիմնումը, որը կնպաստի վարժանքներ անցկացնելուն»,-ասել Է Ալասանիան լրագրողներին:

 

Նրա խոսքով՝ պաշտպանական գերատեսչությունն արդեն ՆԱՏՕ-ին Է ուղարկել իր դիրքորոշումն այն բանի նկատմամբ, թե ինչպիսին պետք Է լինի վարժական բազան, եւ պատասխան Է սպասում դաշինքի անդամ երկրներից: Ընդսմին Ալասանիան նշել Է, որ համագործակցության նոր փաթեթի շրջանակներում Վրաստանում նախագծերի իրացման գործընթացը վերահսկելու Է ՆԱՏՕ-ի հատուկ խումբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: