Միջազգային հանրակցությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է երկրի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսիի եւ երկու տասնյակ երկրներից նրա գործընկերների հետ հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպմանը, որոնք խորհրդակցելու էին եկել Վաշինգ տոն:

 

«Աշխարհն ընդհանուր առմամբ բավարար ջանքեր չի գործադրում» մահացու վտանգավոր այդ հիվանդության համաճարակը կանգնեցնելու համար, հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը: Նրա կարծիքով՝ մյուս երկրները պետք է շտապ կարգով ընդլայնեն օգնությունը Աֆրիկայի պետություններին, որպեսզի զսպվի Էբոլա վիրուսի տարածումը:

 

Այդ կապակցությամբ Օբաման հայտնել է, որ մտադիր է կոչ անել մյուս առաջատար երկրների ղեկավարներին՝ լրացուցիչ ջանքեր գործադրել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար: «Բոլորն էլ պետք է ավելին անեն, քան անում են այժմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է գրեթե 4,5 հազարի, իսկ շուրջ 9 հազար մարդ վարակված է: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում երեք երկրների՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային:

 

Ամերիկացի մասնագետները այդ թվերը նվազեցված են համարում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի փորձագետների գնահատմամբ՝ վարակվածների թիվն արդեն կազմում է առնվազն 20 հազար եւ իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում մինչեւ 2015 թվականի հունվարի վերջը կարող է հասնել 550 հազարի:

 

Օբամայի վարչակազմը Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը դասում է գլոբալ այնպիսի սպառնալիքների հետ նույն շարքում, որպիսին ահաբեկչությունն է: Սեպտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել է, որ մեկ միլիարդ դոլար կհատկացնի Էբոլայի դեմ պայքարին եւ 4 հազար զինծառայող կուղարկի Լիբերիա, Սիեռա Լեոնե եւ Գվինեա՝ օգնելու այդ երկրներին բժշկական ենթակառուցվածք ստեղծել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: