Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմավարությունն սկսում է արդյունքներ տալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Մերիլենդի նահանգի Բետեսդա քաղաքում ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտների հետազոտական կենտրոնում:

 

Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Լիբերիայում Էբոլա տենդով հիվանդացածների համար կառուցված հատուկ հոսպիտալների, ինչպես նաեւ բժշկական մասնագետների հատուկ պատրաստման ծրագրի մասին: Սակայն, նրա խոսքով, Էբոլայի դեմ պայքարելու համար արդեն ծախսված միջոցներն անհրաժեշտ արդյունքը չէին տա առանց «ԱՄՆ-ի առաջատարության»: «Մեր ռազմավարությունն սկսում է արդյունքներ տալ: Մենք որոշակի առաջընթաց ենք տեսնում, բայց այդ պայքարը նույնիսկ չի մոտեցել ավարտին»,- ասել է Օբաման: Այդ կապակցությամբ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը «պետք է աշխարհին ցույց տա՝ ինչպես է Ամերիկան գլխավորում պայքարը» վիրուսի դեմ:

 

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ այդ աշխատանքը ֆինանսավորում է պահանջում եւ կոչ է արել Կոնգրեսին՝ հավանություն տալ 6,2 մլրդ դոլար լրացուցիչ միջոցների հատկացմանը, նախքան երկու պալատները կգնան ամանորյա արձակուրդ:

 

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի արդեն 35 հիվանդանոցներում բժիշկները պատրաստ են բուժել Էբոլայով վարակվածներին: Մինչ այդ նման հոսպիտալները միայն ութն էին: Բացի այդ, Էբոլա վիրուսն այժմ կարող են բացահայտել 36 նահանգների 42 լաբորատորիաներում: Մինչ այդ նման հետազոտություններ էին կատարվում միայն 13 լաբորատորիաներում,

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան հրապարակված տվյալների համաձայն, Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրներում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսով վարակված մարդկանց թիվը երեք օրում ավելացել է յոթ հարյուրով՝ մինչեւ 16 հազար 899:

 

ԱՀԿ-ի նոր տեղեկագրում մահացության վիճակագրությունը, ընդհակառակը, վերանայված է դեպի նվազեցման կողմը. Էբոլայից մահացել է 5 հազար 987 մարդ: Նոյեմբերի 28-ին հրապարակված նախորդ տեղեկագրում խոսվում էր հիվանդության 6 հազար 928 զոհերի մասին:

 

Հատկապես ծանր դրություն է պահպանվում Լիբերիայում, որտեղ վարակված է 7 հազար 835 մարդ, մահացել են 3 հազար 145-ը: Սիեռա Լեոնեում այդ ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 7 հազար 109 եւ հազար 530, Գվինեայում՝ 2 հազար 155 եւ հազար 312, հաղորդել է ՏԱՍՍ-ը: