Նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրն ավելի տխուր էր, քան կարելի էր պատկերացնել: Հատկապես անվճար ու վճարովի եթերաժամանակով ցուցադրված թեկնածուների քարոզչական հոլովակները կարծես մեկ կամ մի քանի անգամ արդեն ցուցադրվել էին: Պարույր Հայրիկյանը պատմում է քաղբանտարկյալի իր անցյալի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի անդամները' Րաֆֆիի անցյալի մասին, Շուշան Պետրոսյանն ու հոլովակային այլ արտիստներ' Սերժ Սարգսյանի մասին: Քարոզարշավի առաջին օրը' գոնե նախընտրական հոլովակներից ամենասոլիդը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանինն էր:
Դրանում ընդամենը մի քանի կադրեր էին նրա վարչապետության շրջանից, իսկ մնացած հատվածում նա հիմնավորում էր իր առաջադրումը, փաստարկում էր, թե ինչո՞ւ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքն ավելի արդյունավետ կաշխատի: Բագրատյանի ասածների հետ կարելի է համաձայնվել, կարելի է հակադրվել նրա փաստարկներին: Բայց նրա հոլովակում կար առնվազն որոշակիություն, ռացիոնալ բաղադրիչ, որը բացակայում էր մյուս թեկնածուների պաթետիկ, հայրենիքի ու հայրենասիրության մասին ճոռոմ արտահայտություններով ողողված հոլովակներում ու երգերում:
Քարոզչական նյութերում քաղաքական տեքստի բացակայությունը թեկնածուների մեծ մասը փորձել է լրացնել մարդկայնորեն հուզիչ, սրտակեղեք, քաղաքականության տեսանկյունից' էժանագին տեսարաններով: Այդ առումով ամենաշատն աչքի է ընկնում Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակը, որի պատրաստողներն, ըստ ամենայնի, առաջնորդվել են «հնարավորինս շատ փող, ավելի շատ' կիսառաբիս երգիչներ ու սերիալային մակարդակի էմոցիոնալություն» սկզբունքով: Նրա քարոզչական կամպանիայի հիմքում դրված է նախագահի աշխատակազմում աշխատող կույր երիտասարդի կյանքի պատմությունը, ով իր գրած երգով շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանին' իր հետ աշխատելու հնարավորություն տալու համար:
Գուցե այդ երիտասարդն իսկապես հրաշալի իրավաբան է, բնական է, որ մարդկայնորեն նա երախտապարտ է Սերժ Սարգսյանին, ում քայլը ցանկացած մեկի մոտ դրական էմոցիաներ կարող է առաջացնել: Բայց դա դարձնել գործող նախագահի քարոզչության առանցքը, մեղմ ասած, գեղեցիկ չէ: Հատկապես որ, նույն Ս. Սարգսյանի թիմակիցներն առիթը բաց չեն թողնում ակնարկներով կամ ուղղակի քննադատել Գագիկ Ծառուկյանին' բարեգործություն անելու և այդ բարեգործության մասին պատմող ռեպորտաժները սեփական հեռուստաընկերություններով շարունակ պտտեցնելու համար: