Բաղդադի հարավում գտնվող Աբու Դաշիր շրջանում հոկտեմբերի 21-ին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախանական տեղեկություններով' մի քանի մարդ զոհվել է, տասնյակից ավելին վիրավորվել:
Մեկ այլ ռումբ պայթել է ալ Բաբ աշ Շարկի թաղամասում, ինչպես նաև Ալ Մայադին թաղամասում: Եվս երեք ականապատ մեքենաներ են պայթել Բաղդադի արևելքում գտնվող Տալիբիա շրջանում: Նախնական տեղեկություններով' 14 մարդ' զոհվել, ևս 26-ը վիրավորվել է:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին մեկնել է Թեհրան' իրանցի պատասխանտուների հետ քննարկելու «Իսլամական պետության» դեմ պայքարի ուղիները:
Իրենց հերթին միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծում են Իրաքում ԻՊ-ի դիրքերը:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները:
Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:
ԱՄՆ-ն և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է' պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար: