ԱՄՆ-ում իրենց հեղինակությունը վերակագնելու համար Ադրբեջանի իշխանությունները վարձել են Հանրապետական կուսակցության նախկին խորհրդական եւ քաղաքական ստրատեգ Լիզ Մայերին' 6 ամիս ժամկետով պայմանագիր կնքելով նրա հետ այն մասին, որպեսզի վերջինս հասարակայնության հետ կապերի գծով իր Mair Strategies ընկերության միջոցով, լուսաբանելով Ադրբեջանի մասին նորությունները, կարողանա ազդել ԱՄՆ-ի լայն հասարակության եւ կառավարության տարբեր չինովնիկների վրա : Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

 

Կայքը հայտնում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը արդեն ստորագրել է պայմանագիրը եւ պարտավորվել նշված ընկերությանը ամսական 15 հազար դոլար վճարել:

 

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը գնացել է այդ քայլին, քանի որ մարդու իրավունքների ոլորտում եղած տխուր իրավիճակի պատճառով երկիրը արեւմտյան չինովնիկների, վերլուծաբանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ենթարկվում է աճող սուր քննադատությունների:

 

Ըստ հոդվածի' «Կայունության եվրոպական նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպության համաձայն' Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունները կտրուկ ուժեղացրել են քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները: Դրա հետ միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարեւոր դաշնակից, ինչպես նաեւ կարեւորագույն խաղացող' էներեգտիկ անվտանգության ապահովության ոլորտում:

 

Ըստ հոդվածի' սակայն, քննադատները Բաքվին մեղադրել են երկրում մարդու իրավունքների բնագավառում տխուր իրավիճակից ուշադրությունը շեղելու համար Ուկրաինայում ճգնաժամն օգտագործելու, այդ թվում' վերջին ամիսներին լրագրողների, իրավաբանների եւ կառավարության այլ քննադատների նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացնելու մեջ:

 

Հոդվածում հիշեցվում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ում շահերի լոբբինգի գծով Ադրբեջանը գտնվել է 10-րդ տեղում, Sunlight Foundation կազմակերպության հետզոտությունների համաձայն' ծախսելով գրեթե 2,3 մլն դոլար: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանն ամսական 50 հազար դոլար վճարելու պայմանով պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում հայտնի The Podesta Group լոբբիստական ընկերության հետ: