Պաշտոնական այցով Փարիզ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օլանդը: Երկու երկրների նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ էին տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել էր հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև շարունակելու բարձր մակարդակի բանակցությունները: