«Բացարձակապես ոչ մի պայմանագիր չի կնքվել: Եթե պաշտոնական տեղեկատվություն եք ուզում՝ վերջերս մարզպետը աշխատանքային խմբով եղել է Իրանի Իսլամական Հանրապետության Ատրպետական նահանգում՝ պաշտոնական այցով, որտեղ նման հարց չի քննարկվել»,- նման հայտարարություն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արեց Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը: Հարցին՝ իսկ քննարկվե՞լ է այդ հարցը, նախապատրաստվո՞ւմ է նման պայմանագիր, Ա. Դոլունցը պատասխանեց, թե այլ մանրամասների չի տիրապետում, սակայն կրկին վստահեցրեց, որ նման պայմանագիր գոյություն չունի:
Հիշեցնենք, որ «Ամերիկայի ձայն»-ի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Իրանի Արևելյան Ադրբեջանի գավառի կառավարիչը Թավրիզում ստորագրել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու մասին համաձայնագիր, որով Սյունիքի մարզը 5 տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից 5000 գլուխ տավարի համար, իսկ Իրանը Հայաստանին կտրամադրի գյուղտեխնիկա և պարարտանյութեր։