ԳԱԼԱ. Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլոց, այսօր պարգևատրել է նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Սյունիքի մարզպետը պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:
Այս մասին կարծիք հայտնելով' վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ասաց.
«Նույն ինքը՝ հանրահայտ Լիսկան, պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Ակնհայտորեն պարզ է այս պարգևատրման իրական պատճառը. սա այն գինն է, որը Սերժ Սարգսյանը վճարում է յուրայիններին' ընտրությունների ժամանակ իրեն մատուցած ծառայությունների համար: Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանը կարողացավ ապահովել Սերժ Սարգսյանի համար 65 % ձայն, և քանի որ ընտրական շրջանը ավարտվել է, Սերժ Սարգսյանը անցել է իր ամենանվիրյալների պարգևատրմանը, այդ թվում՝ և շքանշաններով»:
Արգիշտի Կիվիրյանի խոսքերով՝ սա ապացուցում է, որ անկախ Հայաստանում արհամարհանք կա Հայաստանի բարձրագույն պետական պարգևների նկատմամբ: «Սա նորություն չէ՝ հայ հասարակությունը ժամանակ առ ժամանակ ականատես է լինում, թե ինչպես են երկրի բարձրագույն պարգևները տրվում մարդկանց, որոնք հաստատապես դրանց արժանի չեն ու ընդհակառակը, աչքաթող են լինում և արհամարհվում են իրական ազգին և պետությանը բազմաթիվ ծառայություններ մատուցած հերոսները: Դե, մի երկրում, որտեղ բանակային ծառայությունից այս կամ այն կերպ խուսանաված երիտպաշտոնյաները պարգևատրվում են պաշտպանության նախարարության շքանշաններով, բավականին տարօրինակ է անգամ, որ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ են տվել, այլ ոչ թե, ասենք' միանգամից Ազգային հերոսի կոչում»:
Արգիշտի Կիվիրյանը հիշեց նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և կին գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Երևանի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Իհարկե, Լիսկայի գործունեությունը վերջին 20 տարիների ընթացքում բավականին բուռն և հնչեղ է՝ ամենավերջին «քաջագործություններից» կարելի է վերհիշել, ասենք' մի որոշ ժամանակ առաջ Երևանի կենտրոնական հյուրանոցներից մեկում կին գործարար ծեծելը: Այնպես որ, չի բացառվում, որ պարգևատրման հիմքում դրված լինի հենց այս «մարտական դրվագը», չնայած, եթե յուրաքանչյուր ոք այցելի Սյունիքի մարզ, ապա կարող է լսել Սուրիկ Խաչատրյանի «հերոսական անցյալի մասին» այս կարգի «քաջագործության» բազմաթիվ դրվագներ:
Չնայած, այնպես է ամեն ինչ խառնվել և խեղաթյուրվել հայոց իրականությունում, որ հաստատապես շուտով կտեսնենք տարատեսակ պալատական և մասնագիտացված գուսանների և աշուղների երգեր «Սյունյաց փրկիչ» Սուրիկ Խաչատրյանի մասին, ինչպես նաև հատորներով գրքեր, որոնց համաձայն կարող է պարզվի, որ, ասենք' ողջ Արցախյան ազատամարտի առանցքային դեմքը ինքն է եղել: Դե, վարձու գրչակների պակաս Հայոց հողում, կարծես թե, չի նկատվում' չնայած որ դեռ կենդանի են Արցախյան ազատամարտի իրական մասնակիցները և ականատեսները, որոնք դեռ ընդունակ են հասարակությանը ներկայացնել, թե ով ով է եղել և ինչով է զբաղվել այդ դաժան պատերազմի ողջ ժամանակաշրջանում: Այս պարագայում կարևոր է արձանագրել, որ Հայաստանում սահմանադրական իրավակարգի հաստատումից հետո պարտադիր կերպով պետք է վերանայվեն անկախության հաստատումից սկսած բոլոր պետական և գերատեսչական պարգևատրումները, որի պարագայում էլ ըստ արժանավույնի կգնահատվեն ու կպարգևատրվեն իրական հերոսները, իսկ այս խառն ժամանակաշրջանում նրանց շարքերը սղոսկել փորձած ամեն տեսակի թափթափուկները կհայտնվեն պատմության աղբանոցում»:
Քրիստինա Մկրտչյան