Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեւանաբնակ սյունեցիներին ստիպում է ավագանու ընտրություններում ընտրել ՀՀԿ-ին: Խաչատրյանն ասել է, որ կիրակի օրը՝ ընտրություններից հետո նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում իրենց հասանելիքը տալու համար:
Հարցի առնչությամբ Slaq.am-ը զրուցեց Սուրեն Խաչատրյանի հետ: Նա խոստովանեց, որ երևանաբնակ սյունեցիներին առաջարկել է անպայման մասնակցել ընտրություններին և ընտրել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրությունների, համապատասխանոււմ է իրականությանը, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Մենք ոչ մեկի փող չենք խոստացել: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ»:
Նման լուրեր տարածողներին Սյունիքի մարզպետը «ախմախ» է որակում. «Քիչ ախմախ մարդ կա, ինձ վարկաբեկելու համար ամեն ինչ տարածում են: Սյունեցիները, բնականաբար, պետք է ընտրեն Տարոն Մարգարյանին, որովհետև Տարոն Մարգարյանը ամենանախընտրելի և արժանի թեկնածուն է»:
Սուրեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց նաև, որ ընտրությունների օրը ինքը Երևանում չի լինելու:
Ի դեպ մեր զրույցի ժամանակ Սյունիքի մարզպետը շատ անտրամադիր էր: Պատճառը երկու օր առաջ մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարն էր, որի ժամանակ 7 հոգի էր զոհվել: