Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը լուրջ կասկածներ ունի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հայ լինելու վերաբերյալ: Slaq.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն անդրադարձավ օրերս Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում Ռուբեն Հախվերդյանի ելույթին, որում վերջինս Արցախն անվանել էր «հեռավոր ադրբեջանական գավառներից մեկը»:
Նա մասնավորապես ասել էր. «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»:
Սյունիքի մարզպետն ի պատասխան ասաց. «Երբ Ռուբեն Հախվերդյանն Արցախն անվանում է «ադրբեջանական մի գավառ», մոռանում է, որ Սերժ Սարգսյանի նախնիները Տեղ գյուղից են, ինքն էլ կապ է ունեցել Արցախի հետ: Հախվերդյանը մոռանալով մեր պատմական տարածքները' փորձում է դրանք ադրբեջանական գավառ համարել, այ էստեղ պետք է սկսել փնտրել, թե Ռուբեն Հախվերդյանի նախնիները ովքե՞ր են և նրա արմատները որտեղի՞ց են գալիս: Չեմ կարծում, որ հայ արմատներ ունեցող մարդը կարող է իրեն թույլ տալ նման բան ասել: Օյաղ մարդու մտքինը խմած մարդու լեզվին է: Եթե նա նույնիսկ խմած է եղել, դա ոչինչ չի նշանակում, քանի որ նա մոռանում է մեր պատմական տարածքները:
Հախվերդյանը Հայոց պատմության կեղծարարներից է, նա ուրացող է, ով կարողացել է Ղարաբաղը' մասնավորապես Ստեփանակերտը և Տեղ գյուղը անվանել «ադրբեջանական գավառ»:
Նա սրբապիղծ է, եթե հերոսական Սյունիքն ու Արցախը Ադրբեջանի մաս է համարում: Ռուբիկի մեջ հայի արյուն չի հոսում, չի կարող պատահել, որ հայ մարդը ՀՀ նախագահին, առհասարակ ղարաբաղյան հերոսին, հերոսական պատմություն և ճանապարհ անցած մարդուն նման բան ասի»,-վրդովված ասաց Սուրեն Խաչատրյանը: