Սյունիքի մարզկենտրոն Կապանում իր համակիրների հետ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ մարզային այցելությունն է Սյունիքի մարզ:
Նշենք, որ Ազատության հրապարակում նա, պատասխանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է «Հայաստանի աչքի առաջ ջարդել Րաֆֆիի գլուխը», Հովհաննիսյանն ասաց.
«Եթե դուք սպառնում եք, որ իմ գլուխը պիտի ջարդեք, ես Ձեզ ժամադրում եմ Կապանում՝ երկուշաբթի՝ ժամը 10-ին՝ ժողովրդի առաջ»:
Սակայն Սյունիքի մարզպետը չեկավ հանդիպման:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Պարո՛ն մարզպետ, ես այստեղ եմ, ժողովուրդը՝ նույնպես: Եկե՛ք: Այստե՛ղ, հիմա՛: Իմ կյանքի հերոս՝ հորս, Ռիչարդի մասին նա այնպես է արտահայտվել, որ այսօր անգամ չարժի այդ մեծությունը և ոչնչությունը նույն նախադասության մեջ դնել»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի ուշ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց. «Սա հերթական անիրավությունն է: Սա միջադեպ էլ չէր, սա միջադեպի բացակայություն էր, քանի որ պարոն Խաչատրյանը չհարգեց ժամադրությունը և չեկավ հանդիպման։ Նա «խնայեց» իմ կյանքը, նա չեկավ, բայց փոխարենն ուղարկեց մի քանի սադրիչների: Սա ժողովրդի հաղթանակի վերջին հակազդեցություններն են: Ես հավաքի մասին հրապարակավ հայտարարել եմ ուրբաթ գիշեր։ Հուսով եմ՝ ոստիկանապետը կարգի կհրավիրի իր ոստիկաններին, որ նրանք ծառայելու փոխարեն չվախեցնեն ժողովրդին, որովհետև ժողովուրդն անվախ է դարձել»: