Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի եւ չի ունեցել, իսկ նման դեպքը կապել Սուրեն Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ: Այս մասին նշված է Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մարտի 26-ին, ժամը 06.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով եւ ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ' Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն եւ 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ Զարզանդ Նիկողոսյանը հանրությանը հայտնի է որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ:
Մինչ ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի առթիվ Զարզանդ Ն.-ին եւ Դավիթ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, NEWS.am-ի թղթակիցը զրույց է ունեցել «որոնվող» Զարզանդ Նիկողոսյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ երեկ՝ մարտի 26-ին, ինքն իր ընկեր' Դավիթ Բ.-ի հետ, այցելել է Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբ, սակայն որեւէ վիճաբանության, ծեծկռտուքի չի մասնակցել:
Զարզանդ Նիկողոսյանը հերքել էր, թե ինքը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, նշելով, որ Սյունիքի մարզպետը թիկնապահ չունի, ինքը տարիներ շարունակ աշխատել է նրա մոտ, բայց այժմ չի աշխատում: «Զարզանդ անունով աշխատակից չունի պարոն Խաչատրյանը, Զարզանդը ես եմ, ես իր մոտ աշխատել եմ, 2000 թվականից իրեն ճանաչում եմ, երկու տարի է' դուրս եմ եկել»,- նշեց նա:
Մեր ճշտող հարցին, թե այժմ կապ չունե՞ք Սյունիքի մարզպետի հետ, նա պատասխանեց. «Ես իր հետ կապ ունեմ, ո՞նց կապ չունեմ, Գորիսի բնակիչ եմ, մեր Սյունիքի մարզպետն է, ես իր մոտ աշխատել եմ մինչեւ 2011թ, բայց հիմա աշխատանքային բերումով իր հետ որեւէ առնչություն չունեմ: Ով ասել է, թե Զարզանդ Նիկողոսյանը Սյունիքի մարզպետի թիկնապահն է, գլուխը պատին ա տվել, Սյյունիքի մարզպետը էնքան ուժեղ ա, որ թիկնապահի կարիք չունի»,- նշել էր նա: