Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պրն. Թոքմաջյանը և նորանշանակ աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը կանխամտածված քայլեր են անում, որոնցով փորձում են լավագույն դեպքում շեղել, ապակողմնորոշել ռեկտորի շուրջ տեղի ունեցած վիրտուալ սկանդալի նախաքննության գործընթացը:

 

Այսպես, աշխատանքի անցնելուց մոտ տասը օր հետո պարոն Զատիկյանը գիշերվա ժամը երկուսին մուտք է գործել ՏՀՏ վարչության աշխատասենյակները՝ իբր էներգակիրների օգտագործումը վերահսկելու նպատակով, առանց վարչության որևէ աշխատակցի: Այս մասին մենք համապատասխան հայտարարություն ենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որի հիման վրա հարուցվել է վարույթ, որով ներկայումս զբաղվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Կ. Բատիկյանը: Մեր կարծիքով պարոն Զատիկյանի գործողություններն իրավաչափ չեն եղել, հնարավոր է՝ նաև նպատակ են հետապնդել իմ աշխատասենյակում տեղադրել գործի պոտենցիալ իրեղեն ապացույցներ /օրինակ՝ որևէ էլեկտրոնային կրիչ կամ կոշտ սկավառակ՝ ռեկտորի ֆեյսբուքյան էջը կոտրելու քրեական գործի հետ կապված նյութերով/:

 

Հատկանշական է, որ այս փաստի առթիվ մեր դատախազություն դիմելու հենց հաջորդ օրը ռեկտորն անձամբ, առաջին ամգամ ի նշանակումից հետո, այցելել է ՏՀՏ վարչություն և հայտարարել, որ վարչության պետի և նրա տեղակալի աշխատասենյակները տրամադրվելու են այլ ստորաբաժանումների: Այդ օրը բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ իմ՝ վարչության ընդհանուր աշխատասենյակ տեղափոխվելու փոխարեն վարչության աշխատակիցները տեղափոխվեն իմ աշխատասենյակ, սակայն այդ պայմանավորվածությունը հաջորդ օրը չեղյալ հայտարարվեց աշխատակազմի ղեկավարի կողմից, ով պահանջեց հենց նույն պահին ազատել իմ աշխատասենյակը: Կարծում եմ՝ սա առնվազն անուղղակիորեն հաստատում է այն վարկածը, որ այդ սենյակում տեղի են ունեցել անիրավաչափ գործողություններ, և անհրաժեշտություն կար սենյակն ազատելուց հետո այդ գործողությունների հետքերը «մաքրելու»:

 

Հակասական և կասկածի տեղիք տվող են նաև ռեկտորի և աշխատակազմի ղեկավարի արձագանքները ՏՀՏ վարչության ամենօրյա գործունեությանը: Այսպես, վարչության համակարգիչների մեկի կոշտ սկավառակի՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված ֆորմատավորումը, չգիտես ինչու, դառնում է իրավապահ մարմիններին ռեկտորի կողմից ներկայացված հայտարարության առարկա՝ քննվող հանցագործության հետ կապ ունենալու հիմնավորմամբ: Նույն անտրամաբանական մոտեցումն է ցուցաբերվում Պոլիտեխնիկի Ֆիզիկայի ամբիոնի վարիչի համակարգչից տեղեկատվության փոխանցման ժամանակ, երբ Ա. Խաչատրյանից պահանջվեց մեկ ժամվա ընթացքում ազատել ինը տարի շարունակ զբաղեցված աշխատասենյակը, իսկ նրա աշխատանքային և անձնական ֆայլերի տեղափոխումը ներկայացվում է իբր որպես հնարավոր «հետքերի» քողարկման փորձ:

 

Պոլիտեխնիկի ղեկավար պաշտոնյաների կողմից իրականացվող այս քայլերը և հայտարարությունները ոչ միայն անտրամաբանական են և չհիմնավորված, այլև կարող են ապակողմնորոշել քրեական գործի նախաքննության գործընթացը: Իմ կարծիքով, գործի քննության վրա նման անուղղակի ազդեցության փորձերը պարզապես անթույլատրելի են: Հենց այդ պատճառով, ինչպես նաև ի հաշիվ իմ այն համոզման, որ գործի քննությանը ներգրավված են բարձրակարգ պրոֆեսիոնալներ, ես ինքս մինչ այժմ զերծ եմ մնում իմ սեփական մտահոգություններն ու հարցադրումները բարձրաձայնելուց, սակայն դա չի նշանակում, թե այդպիսիք չունեմ:

 

Բերեմ ընդամենը մեկ օրինակ. ինչպես բացատրել այն, որ ռեկտորի ֆեյսբուքյան էջի վրա կատարված հարձակումից բառացիորեն մեկ ժամ հետո, երբ դեռ նույնիսկ իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն չէր ներկայացվել, ռեկտորը հանձնարարում է ՏՀՏ վարչության բաժնի պետերից մեկին՝ Մարիա Մկրտչյանին, իր անձնական համակարգչից անհապաղ ջնջել ողջ տեղեկատվությունը: Ի դեպ, տիկին Մկրտչյանին այդ հանձնարարությունը տրվել է Պոլիտեխնիկի պաշտոնական ստորակարգության խախտմամբ՝ ՏՀՏ վարչության պետի և վարչության պետի տեղակալի անձերը շրջանցելով, ինչը համալսարանի նորմալ գործառնման համար արտասովոր է: Պարոն Թոքմաջյանը նման հրահանգ տվել է, վստահ եմ, քաջ գիտակցելով, որ հանցագործության հետ կապված արժեքավոր տեղեկություններ կարող էին գտնվել հենց իր համակարգչից: Հարց է առաջանում՝ ինչ էր ցանկանում թաքցնել պարոն Թոքմաջյանը նախաքննությունից:

 

ՀՊՃՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյան