Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չի պաշտպանել Ուկրաինայի արեւելքում անցկացված ընտրությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը, քանի որ, նրա համոզմամբ, այդ փաստաթուղթը «համարժեք» չէր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպու թյանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցեւը:
Նոյեմբերի 3-ին Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը «արգելափակել է» Անվտանգության խորհրդի «նախագահի հայտարարության» ընդունումը, որում դատապարտվում են Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները:
Նույն օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության ծառայության քննարկմանը ներկայացնել Դոնբասի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների մասին օրենքի (նաեւ հայտնի է որպես Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենք) չեղյալ հայտարարման հարցը:
«Մինսկի արձանագրության կատարմանը բոլոր կողմերի վերադառնալու դեպքում մենք պատրաստ կլինենք ընդունել նոր օրենք»,- ասել է Պորոշենկոն:
Ինչպես Twitter-ում հայտնել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, այդ հարցի շուրջ անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:
Չնայած Պորոշենկոյի հայտարարությանը, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի իշխանությունները հավաստել են պաշտոնական Կիեւի հետ երկխոսություն սկսելու, Ուկրաինայի տարածաշրջանների հետ կապերը վերականգնելու պատրաստակամությունը:
«Մենք պատրաստ ենք շարունակելու երկխոսությունը: Բայց այդ երկխոսությունը պետք է լինի իրավահավասար: Մենք պատրաստ ենք վերականգնել Ուկրաինայի տարածաշրջանների հետ կապերի ամբողջ համալիրը»,- ասված է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հայտարարության մեջ: