ՀՀ կառավարությունն ակնկալում է մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ ստորագրել հայկական ատոմակայանի գործող երկրորդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը: «Այնուհետև այդ համաձայնագիրը, բնականաբար, կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և վավերացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ համաձայնագրի շրջանակում «Ռոսատոմ» ընկերության հետ համատեղ կիրականացվեն աշխատանքներ՝ գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը մինչև 2026թ. երկարաձգելու ուղղությամբ: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 300 միլիոն դոլար, որից 270 միլիոնը կլինեն վարկային միջոցներ, իսկ 30 միլիոնը՝ դրամաշնորհներ:
Արա Սիմոնյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաև 2026թ. շահագործման հանձնել ատոմակայանի նոր էներգաբլոկը: