ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
Ըստ օրակարգի՝ քննարկվել է Հարկադիր կատարման ծառայության բոլոր մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացման հարցը: Այդ գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:
Հարկադիր կատարման ծառայության բոլոր մարզային բաժինների և բաժանմունքների ղեկավարները զեկուցել են մարզային ստորաբաժանումների աշխատանքային ծանրաբեռնվածության մասին: Միհրան Պողոսյանն արդյունավետ է գնահատել 2014 թվականի փետրվարից գործող Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի' քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը և անհրաժեշտ համարել նման գրասենյակների ստեղծումը մարզերում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների, Անձնակազմի կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգման բաժինների պետերին՝ մեկշաբաթյա ժամկետում մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ սպասարկման գրասենյակի մայրաքաղաքի հաջողված փորձը մարզերում ևս կիրառելու նպատակով: Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկը կտրվի Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով կկազմվի ժամանակացույց, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամիս մեկ մարզ կընդգրկվի ծրագրում: