Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի պետական բյուջեն լինի իրատեսական: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը թերահավատորեն են վերաբերում կառավարության պնդումներին , թե բյուջեն սոցիալական է, նաև կարծում են, որ կառավարությունը կձախողվի:

 

«Ես ամեն ինչ անելու եմ, որ նրանց կանխատեսումները չիրականանան: Իհարկե, քաղաքական ուժերի կանխատեսումներով առաջնորդվելը ես դրական չեմ գնահատում: Ուղղակի, մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բյուջեն լինի իրատեսական: Մենք հենց այդպես էլ մտածում ենք, ու ամեն ինչ անելու ենք, որ իրենք հուսախաբ լինեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

 

Նա ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան, որ հաջողության կարելի է հասնել միասնական ուժերով, այլ ոչ թե չհավատալով ու վատ բաներ կանխատեսելով: «Մենք պայքարելու ենք, որ մեր տնտեսությունը զարգանա, և ես հույսեր ունեմ և կան հիմքեր, որ մենք հաջողության կհասնենք»,- ընդգծեց վարչապետը:

 

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում արդեն ավարտվել են ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Առաջիկայում ԱԺ հանձնաժողովները պետբյուջեի նախագիծը կքննարկեն նաև առանձին-առանձին, որից հետո ՀՀ ԱԺ նախագահի որաշմամբ այն կընդգրկվի խորհրդարանի քառօրյա նիստի օրակարգում: